Հայերեն   English   Русский  

Համազգային թատրոնը նոր թատերաշրջանը նվիրում է Սոս Սարգսյանի՝ 90 և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին


  
դիտումներ: 542

Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնը սեպտեմբերի 14-ին բացեց 28-րդ թատերաշրջանը՝ այն նվիրելով մեծանուն դերասան Սոս Սարգսյանի 90 և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։

Թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։

«Ամբողջ թատերաշրջանի ընթացքում Համազգայինը կներկայացնի բազմաթիվ ծրագրեր և բոլորը կնվիրի վարպետի հոբելյանին։ Ծրագրեր կլինեն և՛ Երևանում ու մարզերում, և՛ Հայաստանից դուրս։ Նախատեսում ենք մասնակցել մի շարք փառատոների»,-ներկայացումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոն

Անդրադառնալով Համազգային թատրոնի շենքին՝ Նավասարդյանը հավելեց՝ շինարարաները խոստացել են, որ հաջորդ տարի ամռանը թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի։

«Շինարարներից բացի մենք էլ շատ անելիքներ ունենք։ Պետք է զբաղվել բեմի հարդարանքով, տեխնիկական մի շարք հարցերով՝ լույս, ձայն և այլն։ Այդ ամենի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Անհրաժեշտ է բարերարներին խնդրել և համատեղ ուժերով Համազգային թատրոն կառուցել։ Եթե ոչ ամռանը, ապա գոնե հաջորդ տարվա վերջին մենք կունենանք նոր շենքը»,-եզրափակեց տնօրենը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ նախատեսում են երեք առաջնախաղ ունենալ։ Գրիգորյանը շեշտեց, որ ձգտում են հաղթական պատմություններ ներկայացնել։

«Շառլ Ազնավուրին նվիրված համերգ-ներկայացում ենք բեմադրել, որին իր անմիջական մասնակցությունն է ունենալու «Գարի Քեոսայան» ջազ քառյակը, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Սոս Սարգսյանի ծննդյան օրը, թատրոնում տեղի կունենա վարպետի հոբելյանին նվիրված երեկո»,-ասաց գեղարվեստական ղեկավարը։

Նշենք, որ Համազգային թատրոնը հիմնադրեց ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը 1991թ.-ին։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և մեծապես սիրեց՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն։

Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար։

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդներ։

Ունենալով ակտիվ գործունեություն և ձեռք բերելով մեծ հեղինակություն 2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն, իսկ 2015թ. վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։

2012 թվականի նոյեմբերի 16-ին հայ անվանի գործիչ Սոս Սարգսյանի կողմից ստեծվեց «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են. օժանդակել ՀՀ-ում մշակութային կյանքի զարգացմանը, աջակցել հասարակության զարգացմանն ու ներդաշնակությանը նպատակամղված մշակութային և կրթական ծրագրերին:

«Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի գործունեության ոլորտը բավական լայն է: Այն ձգտում է էական որակական փոփոխություններ մտցնել հատկապես հայկական թատերական մշակույթի մեջ` համախմբելով սփյուռքի ներուժը, և ձգտում է հայկական թատերական արժեքները ներկայանալի դարձնել աշխարհի առաջավոր մշակութային երկրներում:

Առաջին ներկայացումը եղել է Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», բեմադրիչ` Սոս Սարգսյան: Բեմադրվել է 21 ներկայացում մեծահասակների և 12 ներկայացում` երեխաների համար: Դերասանական կազմում ընդգրկված են հիմնականում երիտասարդ դերասաններ:

Համազգային թատրոնի նպատակներն են՝

Հավատարիմ մնալ հայերեն լեզվամտածողությանն ու տարածել անաղարտ հայոց լեզուն և հայկական թեմաները:

Հասարակության մեջ նպաստել ներդաշնակության կայացմանը:

Հասարակության զարգացման խթան հանդիսանալ:

Համագործակցել միջազգային և տեղական թատերական գործիչների և կազմակերպությունների հետ:

Կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին:

Ունենալ հավասարակշռված խաղացանկային քաղաքականություն՝ որոշակիորեն առանձնացնելով ժամանակակից հեղինակներին:

2000 թվականին թատրոնում կատարվեց սերնդափոխություն, որը թատրոնին տվեց նոր շունչ: Սերնդափոխությանը նպաստեց նաև թատրոնի աշխարհագրական դիրքը՝ Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի շենքում գտնվելու հանգամանը: Մեծ և հայտնի դերասաններին փոխարինեցին տաղանդավոր երիտասարդների մի խումբ, ովքեր այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլոք:

Թատրոնի ստեղծագործական կազմին յուրահատուկ որակ են բերում ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործ – նկարիչ Դավիթ Մինասյանը:

Համազգային թատրոնը պարբերաբար հյուրախաղերով հանդես է գալիս Արցախում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Թատրոնը նաև հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում և այլուր:

Համազգային թատրոնն իր ուրույն տեղն ունի հայկական թատերական կյանքում: Այն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, թատրոնի գեղարվեստական ղեկավարն այսօր Հայաստանի ամենահեղինակավոր թատերական գործիչն է, թատրոնը նաև ունի ամենաուժեղ երիտասարդական դերասանական կազմը, ունի մեծ և բազմաժանր խաղացանկ, օրեցօր մեծանում է թատրոնին համակրողների թիվը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: