Հայերեն   English   Русский  

​Դասական գործերի ջազային տարբերակները ներկայացվեցին ինքնատիպ համերգի ընթացքում


  
դիտումներ: 466

Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 15-ին ներկայացավ Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով:

Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրեց մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝ նոր և ինքնատիպ մոտեցմամբ:

«Մոտ կես տարի առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայացրել էինք «Երկու տարբերակ» ծրագիրը, որի ընթացքում հնչում էր օրիգինալ դասական ստեղծագործությունը, այնուհետև՝ այդ գործի ջազային մեկնաբանությունը: Այս անգամ ներկայացրել ենք միայն ջազային փոխադրությունները, ներկայացնում ենք նաև բոլորովին նոր գործիքավորումներ»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն առանձնահատուկ ընդգծեց՝ այս համերգային երեկոյով տրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ամռան ընթացքում նվագախումբն ընդհանրապես չի հանգստացել, համերգ է ունեցել Սոչիում՝ Sochi Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաև միանգամից մի քանի համերգային երեկո է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում: «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ելույթ ենք ունեցել զորամասում: Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը»,-առանձնահատուկ շեշտեց Արմեն Հյուսնունցը:

Ի դեպ, Ջազ նվագախմբի նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգն էլ այնքան ջերմ ընդունվեց, որ չի բացառվում՝ նվագախումբը ևս մեկ անգամ այն ներկայացնի ունկնդրին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: