Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» այսօր նիստ կգումարի՝ ՍԴ շուրջ իրավիճակի հանգուցալուծման քայլեր գտնելու համար. Լիլիթ Մակունց


  
դիտումներ: 79

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Սահմանադրական դատարանում ստեղծվասծ իրավիճակի շուրջ ԱԺ-ի կողմից ակնկալվող քայլերին, ասաց, որ հենց այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ կորոշեն իրենց հետագա քայլերը:

Հարցին՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ կան իրենց համար առավել հարմար, նախընտրելի քայլեր, Մակունցն ասաց. «Մենք ունենք մշակած մեր քայլերի մի քանի տարբերակ, որը քննարկելու ենք խմբակցությունում: Կորոշենք համատեղ, թե ինչ ընթացքով ենք գնում»:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ եթե առաջնորդվելու լինեն իրավական ճանապարհով, ԱԺ-ն չի կարողանալու այդ հարցը լուծել, Մակունցն արձագանքեց. «Մենք նշել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին, շարժվելու ենք օրենսդիրի լիազորությունների տիրույթում գտնվող գործիքակազմով: Ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի չէ»:

Մակունցը նկատեց, որ ամենաճիշտ ճանապարհն այն կլիներ, որ դատաիրավական համակարգում փոփոխությունները հենց ներսից լինեին: Նրա խոսքով, խմբակցության նիստի օրակարգում հիմնական հարցը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, եթե ժամանակ լինի կքննարկեն նաեւ Ամուլսարի հարցը:

Հարցին՝ ինչո՞ւ ԱԺ նախագահը նման հայտարարությամբ ու նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ, Մակունցը պատասխանեց․ «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱԺ-ն դրա նպատակահարմարությունը գտել է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: