Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 591

Շաբաթն սկսվեց և ավարտվեց Ամուլսարի հանքի հարցով՝ ևս մեկ անգամ նշանավորելով, որ դա ոչ միայն այս օրերի թիվ մեկ խնդիրն է, այլև ներկայիս իշխանությունների առաջին լուրջ փորձաքարը Հայաստանի բնակչության վստահությունը ապահովելու առումով:

Երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությամբ հստակ ցույց տվեց, որ իր որոշումը Ամուլսարի հանքի գործարկումն է: Նա ասաց, որ խոստացված ՇՄԱԳ-ը հնարավոր չէ իրականացնել, օրենքը թույլ չի տալիս, և ներկայումս մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում: «Ուզում եմ մեր Ջերմուկի բնակիչներին խնդրել, որ ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները: Երկրորդ, ես արդեն հանձնարարական եմ տվել Բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ»,- ասաց Փաշինյանը:

Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրա կոչերը հանրության շրջանում չեն ունենում այն նույն ազդեցությունը, ինչ սրանից մեկ կամ մեկուկես տարի առաջ, այլ ճիշտ հակառակը։ Վարչապետի խնդրանքից հետո բնապահպանները հայտարարեցին, որ եթե փորձ արվի ոստիկանական ուժերով բացել ճանապարհը դեպի Ամուլսար, իրենք պատրաստ են երեխաներով, կանանցով, ծնողներով կանգնել նրանց առաջ, նույնիսկ ոստիկաններին կոչ արեցին պատրաստվել ճակատամարտի:

Շարունակվեցին խոսակցությունները խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության մեջ հնարավոր կամ արդեն սկսված պառակտման մասին՝ չնայած որոշ պատգամավորների հավաստիացումներին, թե խմբակցությունում ոչ թե պառակտում է նկատվում, այլ բազմակարծություն:

Խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց այն պնդումները, որ արել էր ուղիղ եթերի ժամանակ, Ամուլսարի հարցի լուծումը պետք է լինի իրավական, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ հանքը պետք է գործարկվի:

Հենց այդ ժամանակ շենքից դուրս ցույց էին անում Ամուլսարի պաշտպանները։ Այստեղ ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել ու շղթա կազմելով՝ փակել էին Ազգային ժողովի դարպասները։ Եվ որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ նախորդ անգամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ իջավ բակ և զրուցեց ցուցարարների հետ։ Այնուհետև ԱԺ դարպասները բացվեցին։ Ցուցարաներն այստեղ հայտարարեցին, որ նահանջ չի լինելու, ապա երթ արեցին Բաղրամյան պողոտայով դեպի Մաշտոցի պողոտա և Հանրապետության հրապարակ:

Առհասարակ այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ցույց տվեց, որ հանքերի դեմ կատաղաի պայքար մղած նախկին ընդդիմադիրից վերածվել է դրանց շահագործման ջերմեռանդ պաշտպանի՝ դա համարելով ճշմարտությանը հետամուտ լինելու միակ իրավական ճանապարհ: Այդ առումով բավական նշանակալի էր սեպտեմբերի 12-ի նրա ուղիղ եթերը:

Ինչպես գիտենք, երեքշաբթի երեկոյան Հայաստանում՝ Բավրա գյուղից 13 կմ հեռավորության վրա երկրաշարժ տեղի ունեցավ 6-7 բալ ուժգնությամբ: Դրա ցնցումները Թեղուտի հանքավայրի շրջան հասան 2-4 բալ ուժգնությամբ: Եվ քանի որ հանքավայրի պոչամբարի պատվարը չփլվեց, վարչապետը եզրակացրեց, որ դրա փլվելու հետ կապված մտահոգություններն անհիմն էին, ճշմարտությունը գտնվեց, և մենք կանգնած ենք ճիշտ՝ իրավական ուղու վրա:

Շաբաթվա օրակարգում, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջին ատյանի դատարանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններն էին:

Ինչպես գիտենք, ՍԴ որոշման ամբողջական տեքստի հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարան էին ներկայացրել նրա խափանման միջոցը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ, նաև ասուլիս էին հրավիրել և հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ: Դատախազությունն էլ ՍԴ որոշմանը ճիշտ հակառակ մեկնաբանությունն էր տվել:

Շաբաթվա սկզբից ի վեր Քոչարյանի աջակիցները բողոքի ցույց էին անում դատարանի շենքի առաջ՝ պահանջելով Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանից անհապաղ դատական նիստ հրավիրել և ՍԴ որոշման հիմքով քննարկել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը: Նույնիսկ նստացույց սկսեցին՝ հայտարարելով, որ այն կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նիստ հրավիրելու որոշում չի կայացնի:

Հինգշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, վերջապես սկսվեց Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրին միջնորդություն՝ ՍԴ որոշման հիմքով վերացնել նրա խափանման միջոցը։ Խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը: Առարկություններ հայտնեցին դատախազը, Մարտի 1-ին զոհվածվածների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները։ Ըստ նրանց՝ ՍԴ որոշումը այս գործով որևէ բան չի պարտավորեցնում դատարանին։ Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ հայտնելով, որ վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին:

Իսկ դատարանից դուրս չափից ավելի էին թեժացել կրքերը: Քոչարյանի աջակիցների և հակառակորդների բախման մասնակիցները բերման ենթարկվեցին ոստիկանություն և շուտով ազատ արձակվեցին, սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել ծեծի և վնասվածք հասցնելու հոդվածներով:

Այս շաբաթ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը և մի շարք օրենքի նախագծեր քննարկեց՝ մի մասը մերժելով, մյուսներն ընդունելով: ԲՀԿ-ն առաջարկում էր քրեական պատասխանատվություն սահմանել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական կողմնորոշում քարոզելու համար: Սա խորհրդարան էր մտել կառավարության բացասական եզրակացությամբ, այնտեղ հստակ չէին համարել «ոչ ավանդական» ձևակերպումը։ «Իմ քայլն» իհարկե պաշտպանեց այդ տեսակետը, և քվեարկության արդյունքներով, բնականաբար, օրինագիծը չմտավ ԱԺ օրակարգ:

Դիմադրության հանդիպեց նաև ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մշակած օրենքի նախագիծը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ, որը նախատեսում է քրեական պատիժ։ Ավելին, «Իմ քայլի» պատգամավորները զավեշտի վերածեցին հարցի քննարկումը: ԲՀԿ-ն էլ իր հերթին խիստ քննադատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի նախագիծը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել ճանապարհային խախտումները և ուղարկել ոստիկանություն: ԲՀԿ-ական պատգամավորը սա համարեց անբարոյական նախագիծ։ Մթնոլորտն այնքան լարվեց, որ պատգամավորներից մի քանիսը դուրս եկան դահլիճից և վեճը շարունակեցին այնտեղ:

Այսուհանդերձ խորհրդարանն ընդունեց մի շարք նախագծեր՝ աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումը բացառելու, մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու, ազատազրկվածներին տեսակցողների համար վարակվելու հնարավորությունը բացառելու, ԱԺ խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու իրավունք տալու, նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնելու մասին: Խորհրդարանը հավանություն տվեց նաև ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու մասին, ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող, ՀՀ-ի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերացման և այլ նախագծերի, ինչպես նաև վավերացրեց Ավիացիոն միջազգային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիրը:

Օրենքի նախագծեր ներկայացվեցին նաև կառավարության հերթական նիստում: Բավական մեծ տագնապ առաջացրեց կառավարության հաստատած այն նախագիծը, ըստ որի՝ իրավապահ մարմիններին մատչելի են լինելու նաև կասկածյալի ու մեղադրյալի ընտանիքի անդամների կամ նրանց փոխկապակցված անձանց բանկային գաղտնիք պարունակող ֆինանսական տվյալները։ Ըստ գնահատականների՝ սա մեծ հարված է բանկային համակարգին, որը առավել կայացած կառուցակարգերից է Հայաստանում:

Կառավարությունը նաև որոշեց ծխելն արգելել փակ տարածքներում։ Այս օրինագծով որոշակի սահմանափակումներ են նախատեսված նաև հանրային տրանսպորոտում, խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ տնտեսվարողներին կվերադարձվի 56 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկը:

Այս շաբաթ, բացի բնապահպաններից, բողոքի ցույց էին անում նաև ավտոներկրողները և զոհված զինծառայողների մայրերն ու այրիները: Ավտոներկրողները բողոքում էին մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելու դեմ։ Ըստ նրանց՝ եթե հազարավոր մեքենաներ ուղարկեն Գյումրի մաքսազերծման, այն էլ ձմռան շեմին, խցանումների ու վթարների վտանգը շատ մեծ կլինի։ Նրանք հայտարարեցին, որ մինչև կիրակի կսպասեն, եթե որոշումը չփոխվի, կկրկնեն ցույցը՝ ընդհուպ փակելով փողոցները:

Իսկ զոհված զինծառայողների մայրերն ու այրիները պահանջում են, որ իրենց էլ այնքան աջակցություն տրվի, որքան Մարտի 1-ի տուժածների ընտանիքներին, այսինքն՝ յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ։

Զուգահեռ շարունակվում էր աղբահանության համար պայքարողների և Երևանի քաղաքապետարանի հակամարտությունը, որը փողոցից տեղափոխվել է դատարան:

Հայկ Մարությանը նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանից պահանջում է 2 միլիոն դրամ իր արժանապատվությունը վիրավորելու համար։ Սոնա Աղեկյանը դա համարում է ֆինանսապես իրեն ճնշելու և այդ մեթոդով լռեցնելու փորձ։ Եվ քանի որ չի պատրաստվում լռել, այդ 2 միլիոնի դիմաց նա քաղաքապետին առաջարկեց իր զգեստապահարանը, հատկապես՝ ժանյակավոր ներքնազգեստները, որոնք, իր կարծիքով, Սուպեր մամայի դերակատարը կհավանի։ Սոնա Աղեկյանը նաև հայտարարեց, որ սկսելու է քաղաքապետին անվստահություն հայտնելու իմփիչմենթի գործընթաց:

Իսկ քաղաքապետարանի դիմաց այժմ արդեն հավաքվել էին «Սանիթեքի» աշխատակիցները, քանի որ քաղաքապետարանը դադարեցրել է «Սանիթեքի» ֆինանսավոումը, ինչի հետևանքով ընկերությունը աշխատավարձ չի տալիս: Սակայն հարցին լուծում տալու փոխարեն քաղաքապետը հայտարարեց, որ ցուցարարներն ուղղորդված են։

Շաբաթը զերծ չէր նաև հերթական հակակոռուպցիոն սկանդալից: Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում առերևույթ չարաշահումների դեպքերով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին: Նա մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը՝ Նարեկ և Անի Սարգսյանները:

Հակառակ ամեն ինչի իշխանությունը շաբաթն ավարտեց ինքնագոհ և ուրախ տրամադրությամբ: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, իսկ շաբաթվա վերջում գնաց Սևան՝ մասնակցելու ձկան փառատոնի հանդիսություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: