Հայերեն   English   Русский  

Եռակողմ համագործակցություն՝ բնության պահպանության համար


  
դիտումներ: 86

Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և IHG հյուրանոցային համաշխարհային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի աշխատակազմերի համատեղ ջանքերով բնության պահպանությանն ուղղված աշխատանքներ են իրականացվել «Ջրվեժ» դենդրոպարկում: Սանիտարական խնամքի աշխատանքները այս շրջանում հատկապես կարևորվում են, քանի որ առաջիկայում անտառպարկում իրականացվելու են նաև ծառատնկման աշխատանքներ:

Մասնավորապես, 2013 թվականին դենդրոպարկում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո անհրաժեշտություն կար այրված ու չորացած ծառերի հեռացման և մաքրման աշխատանքներ իրականացնելու, որը կատարել էին պարկի աշխատակիցները: Իսկ CNF-ի և «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի աշխատակիցները համատեղ մասնակցել են չորացած ճյուղերի հավաքման և տեղափոխման աշխատանքներին:

Ի դեպ. «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցը այս աշխատանքներով մեկնարկում է իր մասնակցությունը IHG հյուրանոցային համաշխարհային ցանցի «Giving for Good» բարեգործական մեկամսյա ծրագրին, որին, ընդհանուր առմամբ, մասնակցում են աշխարհի ավելի քան 5700 հյուրանոցներ:Ծրագրի ընթացքում ընկերությունները մասնակցելու են բարեգործական բազմաթիվ ակցիաների, որոնց նպատակը աշխարհն ավելի լավը դարձնելն ու բարի գործերի իրականացումն է գլոբալ արդյունք ստանալու համար:

CNF-ի և «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի առաջին նման համագործակցությունը կլինի շարունակական: Մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության նպատակով նախատեսվում են աշխատանքներ Հայաստանի բնության հատուկ պահպանվող այլ տարածքներում ևս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: