Հայերեն   English   Русский  

Առաջարկում եմ նախաձեռնել ՀՀ բոլոր բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրությունը. Անի Սամսոնյանը՝ Արայիկ Հարությունյանին


  
դիտումներ: 993

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նամակ է հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգարժա՛ն պարոն Հարությունյան,

Սույն թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիրների պատճառով։ Մասնավորապես՝ օգոստոսի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակեց Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովիեզրակացությունը, համաձայն որի «համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների»:

Ձեր՝ օգոստոսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ նշված էր, որ՝ «Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»:

Պետք է նշեմ, որ հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան ատենախոսությունը։ Միևնույն ժամանակ հանրությունը ակնկալում է հավաստիանալ հետևալ հարցում՝ արդյոք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զերծ են գրագողությունից:

Հաշվի առնելով կրթական և գիտական համակարգում գրագողության նկատմամբ Ձեր ցուցաբերած լրջագույն վերաբերմունքը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը՝ առաջարկում եմ նախաձեռնել ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրությունը՝ բացառելով խտրական մոտեցումը։

Շնորհակալություն համագործակցության համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: