Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 953

Շաբաթվա գլխավոր իրադարձությունը թերևս ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունն էր, որի ներկայությունն իր ագրեսիվ, ռազմաշունչ դիրքորոշման հետևանքով լուրջ գլխացավանք էր միջազգային ասպարեզում:

Եվ նրա հեռացումը մեկնաբանվեց ոչ թե դիվանագիտական մեղմասացությամբ, այլ բավականին կտրուկ: Բացահայտվեց, որ արտաքին քաղաքականության հարցերում Բոլթոնը էական հակասություններ է ունեցել ոչ միայն գործընկեր և հակառակորդ երկրների հետ, այլև բուն նախագահի աշխատակազմում:

«Ջոնը չէր համապատասխանում նրան, ինչ մենք անում էինք»,- հայտարարեց Դոնալդ Թրամփը և հիշեցրեց Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ Թրամփի վարչակազմը «Լիբիայի մոդելը» կդիտարկի Հյուսիսային Կորեայի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։

Ընդհատվեցին Թրամփի բանակցությունները թալիբների հետ, որոնք սկսվել էին 2018 թ. հոկտեմբերից Դոհայում: Կասկած առաջացավ, որ ամերիկյան զորքերը կարող են ակտիվանալ Աֆղանստանում, թեպետ ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ դադարեցնում է երկխոսությունը թալիբների ղեկավարության հետ, բայց և նախկինի պես դիտարկում է ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հնարավորությունը: Նշենք, որ Աֆղանստանում այժմ ԱՄՆ 14 հազար զինվոր կա և ՆԱՏՕ-ի 8 հազար զինվորական: Այսպես թե այնպես շաբաթ օրը Սպիտակ տանը հրապարակված հայտարարությունից հայտնի դարձավ, որ ահաբեկչությունների 18-րդ տարելիցից 3 օր անց Համզան, որը «Ալ Քաիդայի» առաջնորդներից էր, Ուսամա բեն Լադենի որդին, ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է Աֆղանստանում կամ Պակիստանում։

Եվրոպայի հայացքը նախկին շաբաթների պես սևեռված էր Մեծ Բրիտանիային: Այս շաբաթ չափազանց անելանելի վիճակում հայտնվեց երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը երկուշաբթի վերջնականապես մերժեց վարչապետ Ջոնսոնի՝ ընտրությունները մինչև բրեքսիտն անցկացնելու նախագիծը և գնաց ընդմիջման մինչև հոկտեմբերի կեսը, իսկ խորհրդարանի ընդունած օրենքը բրեքսիտը հետաձգելու մասին ուժի մեջ մտավ: Ջոնսոնը վարչապետ դարձավ ամեն գնով հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից անջատվելու խոստումով: Իսկ այժմ նրա ձեռքին է խորհրդարանի օրենքը, որը հետաձգում է դա: Եվ այժմ երկրի գլխին մի հարց է կախված՝ ի՞նչ է անելու Բորիս Ջոնսոնը:

Այս անելաների իրավիճակում քաղաքագետներն արձանագրեցին, որ Բորիս Ջոնսոնի կառավարության գալով՝ բրիտանական քաղաքական գործիչների շրջանում ատելության ու գաղտնի շահարկումների, ամենայն սրբությունների դեմ ոտնձգությունների մեղքերը բարդելու նոր թիրախ է հայտնվել: Եվ դա ոչ թե Ջոնսոնն է, այլ նրա գլխավոր խորհրդականը՝ բրեքսիտի ճարտարապետ Դոմինիկ Քամինգսը:

Այդ ընթացքում գործադուլ էին անում British Airways ընկերության օդաչուները, ինչի հետևանքով հետաձգվեց 1700 չվերթ: Սա ընկերության պատմության մեջ առաջին գործադուլն է, որին մոտ 4 հազար օդաչու էր մասնակցում: Ըստ նախնական հաշվարկների, վնասներն այդ գործադուլից կազմում են օրական մոտ 50 մլն դոլար: Օդաչուները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում, սակայն առայժմ երկու կողմերի միջև բանակցություններ վարելու և փոխզիջման տրամադրություններ չեն նկատվում:

Ինչպես միշտ ընդվզումների ալիքներ էին արձանագրվում նաև աշխարհի այլ կետերում: Հաիթիում ընդդիմության ներկայացուցիչները ավերեցին խորհրդարանի շենքը վարչապետ Ֆրից-Ուիլյամ Միշելի պաշտոնը ստանձնելու օրը։ Ակտիվիստները և կառավարության հակառակորդները ներխուժեցին շենք, կոտրեցին ապակիները և դռները, ջարդուխուրդ արեցին կահույքը և այրվող իր նետեցին շենքից ներս։

Իսկ Աթենքում մոտ 50 մարդ՝ դեմքներին սև շորերով, Էկսարխիա կենտրոնական շրջանում հարձակվել են ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանման վրա։ Նրանք պայթուցիկներով շշեր, քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա։ Իրավապահները քշել են հարձակվողներին, կալանավորվել է 16 մարդ։

Հոնկոնգում էլ ցուցարարները Բրիտանիայի հյուպատոսության շենքի դիմաց երգել են «Աստված, պահպանիր թագուհուն» օրհներգը և ծածանելով բրիտանական դրոշները՝ վանկարկել են, որ «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը չի գործում:

Լրահոսներում կրկին հայտնվեց Ջամալ Հաշոքջիի սպանության հարցը: Բանն այն է, որ Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալությունը ստացել էր Հաշոքջիի դաժան սպանության ձայնագրությունը, և թուրքական Sabah թերթը նոր հատվածներ հրապարակեց լրագրողին սպանելու ուղարկված սաուդյան հարվածային ջոկատի անդամների և Հաշոքջիի զրույցից՝ վեր հանելով այդ սպանության դաժան դրվագները։ Ահա հայտնի դարձավ, որ մահվանից առաջ սաուդցի լրագրողը խնդրել է բերանը չփակել, քանի որ տառապում էր ասթմայով և կարող էր խեղդամահ լինել։

Նույն Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսության համակիրների հալածանքների նոր ալիք սկսվեց, ձերբակալվեց 223 սպա: Հայտնի դարձավ, որ 22 հոգի էլ քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից:

Անցած շաբաթ էլ մեր մոլորակը չխուսափեց տարերային աղետներից. դարձյալ փոթորիկներ ու ջրհեղեղներ: Նախորդ՝ «Դորիան» փոթորիկի հետևանքները դեռ չվերացրած՝ Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասում ձևավորվեց «Ումբերտո» փոթորիկը:

Առանձնապես ծանր իրավիճակ էր Իսպանիայի տուրիստական շրջաններում, որտեղ տարերքը 5 մարդու կյանք խլեց, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շատ դպրոցներ չէին գործում, փրկարարական և մարդկանց տարհանման աշխատանքներում ներգրավվել էին զինված ուժերը: Ջրհեղեղ էր նաև Թաիլանդում, որտեղ 30 մարդ զոհվեց, տարհանվեցին տասնյակ հազարավոր բնակիչներ: Շաբաթվա վերջին օրը տարերքը մի քանի ժամ պատուհասեց նաև Կիպրոս կղզին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: