Հայերեն   English   Русский  

​«Վերագտնված երջանկություն» -ը այցելեց նաև Լեռնահովիտի դպրոց


  
դիտումներ: 184

Փարիզում գործող «Bonheur Retrouvé» («Վերագտնված երջանկություն») կազմակերպությունն ուղիղ 17 տարի է, ինչ աշխատում է հանուն մեկ նպատակի՝

երջանկություն պարգեւել թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում ու ընդհանրապես՝ աշխարհում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Լեռնահովիտի դպրոց

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց փարիզյան «Վերագտնված երջանկություն» կազմակերպության ղեկավար Հայկ Մելիքյանին և կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր հերթական այցով էին Գեղարքունիքի մարզպետարանում՝ նպատակ ունենալով օգնել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրում դպրոցական նոր շենք կառուցելու հարցում:

Ֆրանսահայ «Վերագտնված երջանկություն» կազմակերպության կողմից կազմակերպված հանգանակությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով հանգանակվել է 10 հազար եվրո գումար:

Ինչպես հանդիպման սկզբում նշեց Հայկ Մելիքյանը, ամիսներ առաջ կազմակերպության ներկայացուցիչները եղել են Լեռնահովիտում, ուսումնասիրել դպրոցական շենքի անբարվոք վիճակը և որոշել են Ֆրանսիայի հինգ քաղաքներում կազմակերպել բարեգործական համերգներ ու դրանցից գոյացած հասույթը ծախսել դպրոցական նոր շենքի կառուցման համար:

«Համերգները կայացել են, որի արդյունքում գոյացել է 10 հազար եվրո գումար: Հասկանում ենք, որ 10 հազար եվրոն բավարարի չի Լեռնահովիտում դպրոցական նոր շենք կառուցելու համար, սակայն մենք եկել ենք Ձեզ հետ քննարկելու, որպեսզի որոշենք, թե դպրոցի որ կարիքների համար կարելի է ծախսել այդ գումարը»,- նշեց Հայկ Մելիքյանը:

Լեռնահովիտի դպրոց

Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դրամահավաքի աշխատանքներին եւ հույս հայտնեց, որ հանգանակած գումարով հնարավոր կլինի դպրոցում լաբորատորիա հիմնել, դպրոցական գույք ձեռք բերել կամ ծախսել այլ կարիքների համար:

«ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հաջորդ տարվանից իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների կառուցման ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկված է նաև Լեռնահովիտ համայնքի դպրոցը:

Բնականաբար, ձեր կողմից հանգանակված 10 հազար եվրոն բավարար չի լինի դպրոցի շենքի կառուցման համար, սակայն այն կարող է ծառայել դպրոցին՝ դրա կառուցումից հետո: Գումարը կարող է պահպանվել բանկում կամ փոխանցվել դպրոցի հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը:

Քանի որ գումարը ծախսելու առումով դեռեւս ժամանակ կա, ուստի «Վերագտնված երջանկություն» կազմակերծության ղեկավարն առաջարկեց՝ մինչև հաջորդ տարի ևս մեկ բարեգործական համերգ կազմակերպել: Կողմերը պայմանավորվեցին՝ առաջիկայում ևս մեկ քննարկում կազմակերպել և կայացնել վերջնական որոշում:

Նշենք, որ Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում: 40 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհերթ՝ առանց մարզադահլիճի, սանհանգույցների, կենտրոնացված ջեռուցման, անհրաժեշտ այլ պայմանների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: