Հայերեն   English   Русский  

Հարգելի դատարան, ոչ փախնելու եմ, ոչ խանգարելու եմ. Քոչարյանը դատարանում հանդես եկավ եզրափակիչ ելույթով


  
դիտումներ: 149

Մեղադրող կողմն իր բոլոր հիմնավորումները կառուցում է ենթադրությունների վրա, որովհետև գոնե մեկ փաստարկ իմ կողմից քննությունից թաքնվելու վերաբերյալ չի ներկայացվել: Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես առաջին ծանուցումը ստացել եմ հունիսի 6-ին, այդ ժամանակ գտնվում էի Հունաստանում և հայտնել եմ իմ վերադառնալու օրը: Այդ ժամանակ արդեն Պաշտպանության նախարարը հետախուզման մեջ էր: Երևի պարզ է, որ 10 տարի նախագահ եղած անձնավորությունը գիտի, թե ինչպես է գործում այդ մեքենան, և ես շատ լավ գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու և շատ մեծ հավանակոնությամբ վերադառնալուց հետո փորձելու են կալանավորել»:

Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ իր պաշտպան Օրբելյանի այն հայտարարությանը, որ իրենց համար անսպասելի էր նախագահի կալանավորումը. «Ես չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Օրբելյանը, բայց ես ունեմ իմ կարծիքը, ես սպասում էի, որ ինձ կկալանավորեն և անգամ այդ ամենը չեմ քննարկել իմ փաստաբանների հետ: Ես հստակ գիտեի՝ ուր եմ գնում և ինչ է սպասվում ինձ Հայաստան վերադառնալուց հետո: Դրա ալտերնատիվը հետևյալն էր. չես գալիս աղմուկ է բարձրանում, թե վախեցավ, փախավ, պատասխանատվությունից խուսափեց, ոնց որ քո կենսագրությունը մեկ քայլի պատճառով փորձեն վերաշարադրել: Դրա համար էլ հետ եկա»:

Քոչարյանը նշեց, որ ինքը բուժման նպատակով հնարավորություն է ունեցել գնալ արտասահման, սակայն չի հեռացել երկրից:

«Շատ խոսվեց, որ ես ունեցել եմ 2 անձնագիր, մեկը եղել է քննիչի մոտ, մյուսը իմ մոտ, ես կարող էի հանգիստ գնալ երկրից, բայց դրա փոխարեն ես դիմել եմ քննիչին, ասել եմ, որ խորհրդակցի ղեկավարի հետ, եթե խնդիր չի լինի ես կգնամ, եթե խնդիր կլինի ես կմնամ Հայաստանում: Քննիչի մոտից դուրս գալուց հետո միայն ես տոմս եմ պատվիրել, սակայն հետո մերժում ստանալով չեղարկել եմ պատվերը: Փախնող մարդը գնում է քննիչին ասում է ես փախնու՞մ եմ»:

Քոչարյանը նաև ասաց, որ նախկինում իր կողմից բարձր պաշտոն զբաղեցնելն այսօր ոչ թե իր օգտին է աշխատում, այլ իր դեմ:

«Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցությանը, ապա ես շփում եմ ունեցել նրանցից ընդամենը մի քանիսի հետ: Երբ դեկտեմբերի 7-ին կայացվեց կալանավորման որոշումը, ես իմ ծառայողական մեքենայով եմ գնացել ասել կալանավորեք ինձ, փախնող մարդը նման բան չի անի: Հարգելի դատարան ոչ փախնելու եմ, ոչ խանգարելու եմ, ես այստեղ եմ ապացուցելու համար, որ այստեղ նստած մարդիկ արդարացվելու են, նրանց ուսերի վրա է կառուցվել մեր պետականությունը, մեր բանակը, և մենք թույլ չենք տալու, որ այս ամենի վրա խաչ քաշվի»,-հավելեց Քոչարյանը:

Նրա ելույթից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ քննելու պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: