Հայերեն   English   Русский  

​Յո երթաս, պարոն վարչապետ։


Արամ Սարգսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 381

Պետության կառավարման համակարգում Ազգային անվտանգության ծառայությունն առանձնահատուկ և չափազանց կարևոր դեր է կատարում։

Ստիպված եմ այս պարզ ճշմարտությունը հիշեցնել պարոն Վարչապետին, ով ժպիտը դեմքին հայտարարում էր ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին։ Կարծես խոսքը մի սովորական, շարքային չինովնիկի մասին լիներ։ Տպավորությունս այն էր, որ ինքնավստահ ղեկավարի մտքով անգամ չէր անցնում, որ Ա․ Վանեցյանը <<հանդուգն>> մեկնաբանությամբ կբացատրի իր հրաժարականի պատճառը։

ԱԱԾ ղեկավարը, եթե նա բարձր որակի արհեստավարժ է, երկրի ղեկավարից ավելի ճշգրիտ և բազմաբովանդակ տեղեկություններ ունի պետության ներքին և արտաքին վիճակի մասին։ Ուստի, եթե գաղտնի ծառայության պետը լրջագույն մեղադրանքներ է ներկայացնում գործադիր իշխանության ղեկավարին, դա նշանակում է <<դանիական>> թագավորությունում ամենը խառնվել է իրար։ Ա․Վանեցյանը բացահայտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել միահեծան, սեփական շահին ենթարկելու կառավարում իրականացնելու գայթակղությունից։ Սա ահազանգ է և մեր հասարակության համար։

Անձամբ ինձ և մեր կուսակցությանն առավել քան մտահոգում է այն փաստը , որ ԱԱԾ համակարգը հերթական սթրեսի է ենթարկվում, քանզի երեք տարում տարբեր ոճերի ղեկավարների կառավարման արդյունքում չի ամրապնդվում, այլ թուլացվում է կառույցի դերը ՀՀ և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Աշխարհաքաղաքական գործընթացների քաոսային զարգացումներում ամեն մի պարտադրված շրջադարձ վտանգելու է մեր պետության գոյությունը։ Երկրի ղեկավարի խոհեմությունը կդրսևորվի միայն մեկ պարագայում՝ ազգի հավաքական էլիտայի ձևավորմամբ, երկրի ապագայի վերաբերյալ հանրային դիսկուրս կազմակերպելով: Արդյունքում կունենանք ազգային կոնսենսուս, ինչը հրամայական է աշխարհով մեկ սփռված և միասնությանը կարոտ ժողովրդի համար:

Իսկ եթե շարունակվի՝ ՛՛ես եմ որոշողը՛՛ և ՛՛ես միշտ ճիշտ եմ ՛՛ սկզբունքով կառավարումը, ապա ներքին խժդժությունները, անհանդուրժողականությունը մեզ տանելու են ցնցումների ճանապարհով:
Իրոք, կանգ առնելու, խորհելու և լուրջ հետևություններ անելու ժամանակն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: