Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող խնդրահարույց օրինագիծը


  
դիտումներ: 165

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» խնդրահարույց օրինագիծը և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության զարգացման և հանրային կյանքի սոցիալական խնդիրների վրա:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Քննարկմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հանձնաժողովի նախագահության անդամներ և փորձագետներ։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է օրենքի ընդունման նախապատմությունը, հիմնավորումները, անդրադարձել հասարակության ու մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին։

Արայիկ Սահակյանը նշել է, որ նախագիծը շատ դեպքերում հանրության և մասնագիտական շրջանակներում ընկալվում է իբրև գույքահարկ, մինչդեռ այն ոչ թե գույքահարկը հաշվելուն է վերաբերում, այլև անշարժ գույքի կադաստրային արժեքին։

Սահակյանի խոսքով, այսօր գործող կադաստրային արժեքները հնացած են և չեն համապատասխանում իրական շուկայական արժեքներին, և օրինագծի նպատակն է կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելը։ Միաժամանակ, ենթադրվում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։

Նաև նշվել է, որ օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության բազային արժեքները, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և այլն։

Հանձնաժողովի անդամներն ու փորձագետները մի շարք հարցեր են ուղղել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին՝ կապված գույքի արժեքը սահմանող չափորոշիչների, չօգտագործվող արտադրական տարածքների հետագա ճակատագրի, դրանց վերագործարկման հնարավորությունների և առհասարակ, օրինագծի հետևանքով առաջացող հնարավոր տնտեսական, սոցիալական ռիսկերի և այլ խնդիրների վերաբերյալ։

Ներկաներից շատերը կարծիք են հայտնել, որ նախագիծը ոլորտում առկա համընդհանուր խնդիրների բաղկացուցիչ մի մասն է, որը, սակայն, ամբողջությամբ չի լուծում այդ խնդիրները, փոխարենը առաջացնում է անկանխատեսելի ռիսկեր։

Առաջարկ է հնչել, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի միայն այն դեպքում, երբ դրա հետ փոխկապակցված այլ օրենքներում ևս փոփոխություններ կատարվեն։

Քննարկման մասնակիցների կարծիքով, մինչ օրենքի նախագծի վերջնական ընդունումը պետք է խնդրահարույց բոլոր հարցերի վերաբերյալ կատարել համակողմանի վերլուծություններ, այդ թվում և օրենքի ազդեցության գնահատականը պարզելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումներ կազմակերպել։

Որոշվել է քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի կողմից առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: