Հայերեն   English   Русский  

Մարդասիրությունը նորից առաջ անցավ. կառավարությունը երեք ամիս մտածում է, որ քննարկել է պետք


  
դիտումներ: 176

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարբեր բնակավայրեր մի քանի օրում կրկնակի կարկտահարվեցին, արդյունքում գյուղացին զրկվեց իր դաշտերի ամբողջ բերքից:

- Վարկ եմ վերցրել, առել, ցանել եմ, բայց կոմբայնը դաշտ չեմ տարել, սև հողի վրա ի՞նչ կոմբայն, կարկուտը սաղ ջարդել է: Հմի կմտածեմ ինչղ փակեմ էդ տոկոսները: Գոմը ինչ ունեի ծախեցի, որ տունը յոլա տանեմ: Էնքան վարկ ունեմ, որ էլ վարկ չեն տալիս, գոնե սերմ առնեմ ցանեմ, - Անկախի հետ զրույցում ասում է Ախուրյանի Բասեն գյուղի բնակիչներից մեկը:

Մեկ ուրիշ բասենցի պատմում է, 12 հա ցորեն ու գարի էր ցանել, բայց նույնիսկ որպես անասնակեր չի քաղել, կարկուտը բույսը հողին է հավասարեցրել.

- Հնարավոր է մեկը բերքի 10 տոկոսը քաղած լինի, բայց դա ի՞նչ է: Սաղ դաշտերը ցախ են դառել:
Բասենում մեծամասամբ հացահատիկ են մշակում, սակայն հունիսի 27-ի կարկուտը գյուղի ցանքատարածությունները 100 տոկոսով վնասել է:

- Ընդհանուր 266 տնտեսություն տուժել է կարկտահարությունից: Դեռևս կառավարությունից աջակցություն չի ստացվել, սպասում ենք քննարկումներին, - Անկախի հետ զրույցում ասաց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը: - Այս պահին աջակցությունը գյուղացուն շատ է անհրաժեշտ, հիմա կանգնած ենք աշնանացանի առաջ և գյուղացին սերմացուի խնդիր ունի:

Երեք ամիս է, կառավարությունը չի կողմնորոշվում կարկտահարությունից տուժած բնակիչներին ինչպես օգնել, բնական աղետից տուժածներին փոխհատուցում կտրվի, թե ոչ, սա էլ հստակ չէ:
Սեպտեմբերի 16-ից Շիրակի մարզի 6 բնակավայրերի բնակիչների աջակցություն է տրամադրում Հայկական Կարմիր Խաչը: Աջակցությունը դրամի տեսքով է՝ տրվում է բերքի 75-100 տոկոսը կորցրած ընտանիքների բոլոր անդամներին:

- Շիրակի մարզի 6 գյուղ ընտրվեց, Մարմաշեն համայնքից Շիրակ գյուղը, Ախուրյան համայնքից՝ Կամո, Հովիտ, Ջրառատ, Բասեն և Կառնուտ: Ընտրվեց մոտ 906 ընտանիք՝ 4606 մարդ և գումար նախատեսվեց 150 մլն 40 հազար դրամի սահմաններում: Յուրաքանչյուր անձի համար նախատեսվեց 32 հազար 575 դրամ, - ասում է Հայկական Կարմիր Խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Մադոյանը:

Սկզբնական ուսումնասիրությունները գյուղերում կատարել է մարզպետարանը, հետո Հայկական Կարմիր Խաչի կամավորներն են այցելել բոլոր գյուղերը, հյուրընկալվել ընտանիքներին, զրուցել ու համոզվել, որ մարդկանց կրած վնասն իրական է:

Գումարը գյուղացիներին տրամադրվում է բանկի միջոցով, Կարմիր Խաչը նույնիսկ հոգացել, որ հերթեր չլինեն՝ գումարը տրամադրվում է գյուղ առ գյուղ, ըստ ցուցակների հերթականության:
Նախորդ տարի էլ, երբ կարկուտից տուժել էր մարզը՝ առավել շատ Արթիկի տարածաշրջանի գյուղերը, գյուղացիներին օգնության առաջին ձեռքը մեկնել էր դարձյալ Հայկական Կարմիր Խաչը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: