Հայերեն   English   Русский  

Երբ տանը մերոնց պատերն էլ չեն օգնում


  
դիտումներ: 1271

Վանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ:

Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 1 արծաթե և 6 բրոնզե մեդալի: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

- Մրցաշարը կազմակերպվեց 19-րդ անգամ: Այն շուքով անցկացվեց: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՕԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ի դեպ, Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, որ հաջորդ՝ 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը 2015-ին կանցկացվի Երևանում և մեծ մրցանակային հիմնադրամ կունենա: Այս անգամ տարբեր քաշային կարգերում 1-ին , 2-րդ, 3-րդ տեղեր գրաված մարզիկները հարստացան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար, հազար դոլարով: Հաղթողների մարզիչներին հանձնվեց 500-ական դոլար: Ուժերն էին չափում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի ուժեղագույն ըմբիշները: Մասնակիցները տեղավորվել էին «Կիրովական» հյուրանոցում և «Հայաստան» առողջարանում: Իսկ մրցումներն անցկացվում էին «Հայաստան» մարզական միության մարզասրահում:

- Մրցավարության հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն, վիճահարույց որևէ բան չկատարվե՞ց:
- Հայաստանի մրցավարներից բացի, մրցամարտերը սպասարկում էին Ղրղզստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի մրցավարները: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն էր Մոսկվայում բնակվող Նորավարդ Առուստամյանը: Միայն մի դեպք եղավ, երբ մեր մարզիկը՝ 65 կգ քաշային վանաձորցի ըմբիշ Նարեկ Սիրունյանը, եզրափակչում գոտեմարտում էր Վրաստանի ներկայացուցչի հետ: Մրցակիցը հաղթում էր մեծ առավելությամբ՝ 12:4 հաշվով, և դուրս եկավ մրցագորգից: Փախուստի համար կարելի էր նրան պատժել և հաղթանակը մեր մարզիկին շնորհել: Եթե աշխարհի, Եվրոպայի առաջնություն լիներ, հնարավոր է, որ այդպես էլ արվեր, սակայն երբ մրցակիցը հաղթում էր միավորների մեծ առավելությամբ, պարզապես գեղեցիկ չէր լինի: Վրացի ըմբիշի արածն էլ միտումնավոր չէր, նրան հրել էր մեր մարզիկը:

- Ասում են` տանը պատերն էլ են օգնում: Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չկանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
- Անպայման առաջին մրցանակակիր ունենալու խնդիր չկար: Համենայն դեպս, մեր մարզիկներից 1-2-ը մոտ էին դրան:

- Որպես մրցավար առաջիկայում միջազգային ի՞նչ ստուգատեսներ եք սպասարկելու:
- Օգոստոսին և սեպտեմբերին սպասարկելու եմ Խորվաթիայում և Ուզբեկստանում կայանալիք աշխարհի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:

Կատարվածը Հայաստանի հավաքականի մարզչի աչքերով

Արայիկ Բադասյան

Զրուցելով նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ` նախ հարցրինք, թե ինչ տվեց մերոնց այս ստուգատեսի մասնակցությունը և ինչ է նախատեսվում առաջիկայում:

- Մեր ըմբիշների համար նախապատրաստական փուլ էր, նրանք սեպտեմբերին հանդես են գալու Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունում: Փաստորեն, այդ ստուգատեսից առաջ մերոնք վերջին միջազգային մրցաշարին մասնակցեցին: Թիմը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի: Օգոստոսի 2-16-ը Կիսլովոդսկում համատեղ մարզումներ կկազմակերպվեն Ռուսաստանի հավաքականի հետ: Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը ուսումնամարզական հավաք է նախատեսված մրցավայրում՝ Տաշքենդում: Համատեղ կպարապենք Ուզբեկստանի, ևս մի քանի երկրների հավաքականների հետ: Արդեն նախնական պայմանավորվածություններ ունենք: Ներկայումս ըմբիշները համապատասխան մարզավիճակում են:

- Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ինչո՞ւ չմասնակցեց Վանաձորում կազմակերպված միջազգային մրցաշարին:
- Դավիթը վնասվածքից հետո բուժվել է Գերմանիայում, ապա կարողություններն է փորձել Իտալիայում և Գերմանիայում կազմակերված միջազգային մրցաշարերում: Նա զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղեր: Այս արդյունքները լավ կարելի է համարել, քանի որ վնասվածքը Դավիթին 8 ամիս լիարժեք մարզվելու հնարավորություն չի տվել: Նա հավաքականի կազմում Ծաղկաձորում ծանրաբեռված պարապել է: Հիմնականում ուշադրություն է դարձվել այդ ըմբիշի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Բանն այն է, որ Սաֆարյանը նախկինում նախապատրաստական այդ փուլը բաց է թողել: Մինչ աշխարհի առաջնության մեկնարկը 40 օր ունենք, հուսով եմ, որ այդ ընթացքում Դավիթը կվերագտնի իր լավագույն մարզավիճակը, և նրանից մեդալ կսպասենք:

- Հայաստանից Վանաձորում շուրջ չորսուկես տասնյակ ըմբիշ էր մրցագորգ դուրս եկել: Ցավալի է, որ հաղթող չունեցանք: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
- Այս մրցաշարում հաղթող ունենալը մեզ համար հիմնական նպատակ չի եղել: Եթե այդպիսի առաջադրանք ունենայինք, հնարավոր է, որ հասնեինք դրան: Հատուկ չէինք նախապատրաստվել, որ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության մրցաշարում ակնառու արդյունքներ ցույց տանք, պարզապես նախապատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Սովորաբար, միջազգային մրցաշարերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ նախապատրաստական աշխատանքները դադարեցնում ենք, որպեսզի ըմբիշները հանգստանան և ավելի լավ հանդես գան, բայց այս անգամ մեր նպատակն այլ էր, և մինչև մրցումների մեկնարկը մերոնք ծանրաբեռնված պարապում էին: Իսկ մրցաշարի ընթացքում կարևորում էինք, որ տեսնենք ըմբիշների սխալները, այն բացթողումները, որոնք կարող են նրանց խանգարել: Առաջիկայում էլ փորձելու ենք լրացնել այդ բացերը: Ունենք ըմբիշներ, որոնք իրենց պատրաստականության մակարդակով գոհացրին, կային մարզիկներ էլ, որ սպասելիքները չարդարացրին:

- Հատկապես ո՞ր մարզիկների մրցելույթից եք գոհ:
- 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը միայն եզրափակչում պարտվեց: Անդրադառնանք նաև բրոնզե մեդալակիրներին: 84 կգ քաշային Վահե Թամրազյանը վերջին 2-3 տարվա ընթացքում միջազգային մրցաշարերում իր լավագույն մասնակցությունն ունեցավ: 55 կգ քաշային Եվրոպայի առաջնության մրցանակակիր Գարիկ Բարսեղյանը կողոսկրի վնասվածքով էր հանդես գալիս: Նա հարկադրված էր մրցագորգ դուրս գալ, քանի որ առջևում միջազգային մրցաշար այլևս չկա: Բարսեղյանը պետք է մրցակցային փորձ ձեռք բերեր: Նրա առջև խնդիր էր դրվել, որ իր հնարավորությունների սահմաններում գոտեմարտի: Ճիշտ է, առաջին հանդիպումում մեր մարզիկը զիջեց Ռուսաստանի այս տարվա բրոնզե մեդալակրին, սակայն հետո սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց, երկու հաղթանակ տարավ, 3-րդ տեղի համար գրավիչ հանդիպումում էլ հաղթեց Ռուսաստանի փոխչեմպիոնին: Նա մեկ շաբաթում պետք է ապաքինի կողոսկրի վնասվածքը և վերսկսի մարզումները: Էդգար Ենոքյանի (96 կգ), Մուսա Մուրթազալիևի (86 կգ), Գրիգոր Գրիգորյանի (70 կգ) մրցելույթները ևս գոհացնում են: Նրանք նույնիսկ արեցին ավելին, քան սպասում էինք: Ի դեպ, Գրիգորը հանդես էր գալիս մինչև 74 կգ քաշային կարգում, բայց նա Հայաստանի առաջնությունից հետո միջազգային մրցաշարում կարողությունները փորձեց, և համոզվեցինք, որ այդ քաշային կարգում նրանից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Եվ քանի որ 70 կգ քաշային կարգում էլ խնդիր ունեինք, Գրիգորյանը տեղափոխվեց այդ քաշային կարգ: 66 կգ քաշային կարգում, Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում, հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: Նա Հայաստանի չեմպիոն է և արդարացրեց իրեն:

- Դրսից ըմբիշներ հրավիրելու խնդիր կա՞:
- Դրա մասին էլ ենք մտածում, հարց է բարձրացվել: Քաշային կարգ կա, որում խնդիր ունենք:

- Հավանաբար, նկատի ունեք գերծանր քաշային կարգը:
- Այո: Անդրանիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն էր: Ընդ որում, նա պարտվել էր երկու գոտեմարտում միավորների բացահայտ տարբերությամբ: Անդրանիկը թույլ ըմբիշի էր հաղթել, և նրա առջև խնդիր էր դրվել, որ վանաձորյան մրցաշարում առնվազն 3-րդ տեղ գրավի, որպեսզի աշխարհի առաջնության մասնակցի: Մինչև այդ էլ նրան ցանկանում էինք փորձարկել Մախաչկալայում կազմակերպված միջազգային մրցաշարում, բայց հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով, որ պատրաստ չէ: Վանաձորյան մրցաշարում էլ Գալստյանը երկու պարտություն կրեց: Ընդ որում, առաջին գոտեմարտը նա ռուսաստանցի ըմբիշին տանուլ տվեց 20 վայրկյանում, հետո էլ զիջեց Բուլղարիայի ներկայացուցչին: Ֆինանսների խնդիր չկա, բայց նպատակահարմար չենք գտնում, որ առանց սպասելիքի մարզիկ տանենք աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ճարահատյալ օլիմպիական խաղերից առաջ կփորձենք դրսից այդ քաշային ըմբիշ թիմ հրավիրել:

- Ուրվագծվա՞ծ է թիմի կազմը: Հավաքականում ընդգրկվելու համար ո՞ր քաշային կարգերում է մեծ մրցակցությունը:
- Հավաքականի կազմն ուրվագծված է, բայց մրցակցությունը մեծ է 55 կգ, 61 կգ քաշային կարգերում: Տարբեր տարիքի արժանի ըմբիշներ ունենք: Հավասար հնարավորությունների դեպքում ինքս նախապատվությունը տալիս եմ երիտասարդ ըմբիշներին, բայց փորձառուներն էլ չեն անտեսվում: Աշխարհի առաջնությունից առաջ թիմի կազմը հստակեցնելու համար ստուգողական մրցամարտեր կկազմակերպվեն: Հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսի 20-ից հետո:

- Կարելի՞ է ասել, որ Դավիթ Սաֆարյանն անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
- Միանշանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: