Հայերեն   English   Русский  

​Աշխարհի ամենահին գորգը` «Պազըրըկ»-ը, հայկական ծագում ունի


  
դիտումներ: 217

Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թվագրվող գորգը, համարվում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղվել է Սիբիրի սառեցված դամբաններից:

Այս խորհրդավոր գորգը՝ քառակուսի խավով, շատ մասնագետների կարծիքով, ունի հայկական ծագում, հայտնում է vstrokax.net-ը(https://vstrokax.net/v-mire/samyj-drevnij-v-mire-kover/):

Աշխարհի ամենահին գորգը` «Պազըրըկ»-ը, հայկական ծագում ունի

Հին գորգերի ականավոր գիտակ Ուլրիխ Շուրմանը գտածոյի մասին ասում է.

«Ելնելով առկա փաստերից և ապացույցներից ՝ ես համոզված եմ, որ «Պազըրըկ» գորգը հուղարկավորության պարագա էր և, ամենայն հավանականությամբ, հայկական արհեստագործության գլուխգործոց է»:

Երբ Էրմիտաժի քիմիկոսներն ու ներկերի մասնագետները զննում էին «Պազըրըկ» գորգը, եզրակացություն արվեց, որ գորգում օգտագործված կարմիր թելերը ներկված են հայկական որդան կարմիրով, որը հնում տարածված է եղել Արարատյան դաշտավայրում:

Ավելին՝ «Պազըրըկ» գորգը ստեղծելու համար կիրառված տեխնիկան համապատասխանում է կրկնակի հանգույցների՝ հայկական տեխնիկային: Այս տեխնիկան Իրանի գորգագործության մի քանի կենտրոններում հայտնի է որպես «Արմանի բաֆֆ», այսինքն ՝«հայկական գործ»:

Նշվում է նաև, որ Հայաստանում սիմետրիկ հանգույցներով հյուսված նման գորգերի բեկորներ, որոնք նման են «Պազըրըկ» գորգին, հայտնաբերվել են Կարմիր բլուրում:

Նշենք, որ Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։

Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից և գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ՝ քիլիմներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, խուրջիններ, վերմակներ, աղի տոպրակներ, ձիու ծածկոցներ և գորգեր։ Այս արհեստն այնքան սերտ էր կապված առօրյա կյանքի հետ, որ այն իմանալը պարտադիր էր։ Գորգը նաև հայ աղջիկների օժիտի անբաժանելի մասն էր, ուստի վաղ հասակից նրանք սովորում էին այս արհեստն ու գործում իրենց օժիտի գորգերը:

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը կամ գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը։

Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների և հարևան տերությունների կողմից վարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։

Հայկական գորգարվեստը Խորհրդային շրջանում տարածում է գտել նաև Եվրոպայի մի շարք անկյուններում։ Այսպես, 19-րդ դարի վերջին մի շարք հայ գորգագործներ հաստատվեցին Տրանսիլվանիայի Ղերլա քաղաքում և այդտեղ սկսեցին պատրաստել ու վերականգնել գորգեր։ 1915 թվականին Ցեղասպանությունից հետո մեծ քանակությամբ հայեր կրկին հաստատվել են Ռումինիայում։ Այսպիսով, երկրում ստեղծվել են բազմաթիվ արհեստանոցներ, իսկ 1950-ականներից սկսած՝ նաև գործարաններ:

Ներկայումս գորգագործության կենտրոններ են շարունակում մնալ Սյունիքն ու Արցախը։ Հատկանշական է, որ 2013 թվականին Շուշիում բացվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող միակ գորգերի թանգարանը։ Հայաստանում և արտերկրում գոյություն ունեցող թանգարաններից բացի, հայկական գորգերը պահվում են անհատական հավաքածուներում, որոնց թիվը, ցավոք, հայտնի չէ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: