Հայերեն   English   Русский  

Թողարկվել է «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը


  
դիտումներ: 60

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 9.09.1919 թ. №439 օրենքով՝ կազմավորվելով Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:

Թանգարանի առաքելությունը Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումն է:

Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության և վավերագրերի բաժիններով և տալիս է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

1948 թվականից ՀՊԹ-ն հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված գիտական աշխատություններ, հնագիտական պեղումների զեկույցներ:

Դիմերես` նմուշներ ՀՊԹ հավաքածուից` «Խմբաքանդակ` մարտակառքով» (Ք.ա.XV-XIV դդ., Լոռի բերդ, բրոնզ, № 2728-12),«Քարայծի արձանիկ» (Ք.ա.XIII-XII դդ., Արթիկ, բրոնզ, № 2173-553), «Քառանիվ կառք» (Ք.ա.XV-XIV դդ., Լճաշեն, փայտ, № 2009-609), «Կաշվե ոտնաման» (Ք.ա.XXXVI դ., Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3, Պղնձաքարի դար, № 3194), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա.VII դ., Կարմիր բլուր, բրոնզ, № 2783-193):

Դարձերես` ՀՊԹ շենքը (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) և պատկերանիշը, հայկական զարդանախշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: