Հայերեն   English   Русский  

Եթովպիայում դեսպանության բացումը կզարգացնի համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ. Գործադիրը հավանություն տվեց նախագծին


  
դիտումներ: 68

Հայաստանի կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` ԱդիսԱբեբա):

Հարցը ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշեց, որ Հայաստանի եւ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին:

«Եթովպիան ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետություններիներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։

Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի եւ կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետթե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների եւ դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,-ասված է հիմնավորման մեջ:

Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլեւ խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների հետ։

Ավելին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: