Հայերեն   English   Русский  

Ինչի՞ չեք ծախել Մանվել Գրիգորյանի թրերը, ոսկիները, տաք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ Գրիգորյանի օգնականին


  
դիտումներ: 144

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կառավարության շենքի առաջ առավոտից բողոքի ակցիա էին սկսել զոհված զինծառայողների հարազատները՝ Կառավարությունից պահանջելով փոխհատուցում տալ իրենց, ինչպես տալիս են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց հարազատներին:

Ակցիայի մասնակիցներն անգամ հայտարարում էին, որ պատրաստ են անժամկետ հացադուլ սկսել, նրանք պահանջում էին, որ վարչապետը գա իրենց հետ հանդիպման:

Մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Կառավարությունից և հանդիպեց զոհվածների հարազատներին: Փաշինյանը նրանց հետ զրույցում ասաց, որ իրենց որոշակի ժամանակ է պետք, որպեսզի կարողանան բոլորին փոխհատուցում տալ:

Սակայն զրույցը ավարտին չհասավ, քանի որ երբ Փաշինյանը ցուցարարների մեջ տեսավ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օգնականին, ասաց. «Ինչու՞ նախկինում ձայն չէիք հանում, ինչու՞ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, թրերը, ոսկիները չէիք ծախում ու տալիս ժողովրդին»:

Այս ասելով՝ վարչապետը հեռացավ և շարունակեց քննարկումը կառավարության շենքում՝ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ:

Վարչապետի հետ զրույցից հետո վերջինս ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ Փաշինյանը մի քանի օր ժամանակ է խնդրել՝ հստակ լուծումներ մտածելու համար:

«Մենք 5 օր էլ կսպասենք, բայց եթե դրանից հետո ոչինչ չփոխվեց, շարուանկելու ենք մեր ակցիաները»,-հայտարարեց Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: