Հայերեն   English   Русский  

​Ջավախքում ապրող սիրելի հայրենակիցներիս․


Վահե Սարգսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 181

․․Արդեն հինգուկես տարի է, ինչ վրացական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով չեմ կարող հատել սահմանը,

և հայրենի Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է ՀՀ-Վրաստան սահմանային հսկիչ անցակետի համակարգչի մոտ, չգիտեմ, թե մինչև երբ է շարունակվելու այս մղձվանջը, բայց․․․ դա մի կողմ։

Արդեն «խոփանից» գալու շրջանն է, և ամեն օր Երևանից դեպի Ջավախքի շրջաններ են շարժվում խոփանչիներով բեռնավորված մեքենաները։

Վերջին շրջանում, փաստորեն, այս սեզոնին զուգընթաց Ջավախքի քաղաքներում բացվում է նաև, այսպես կոչված, «խաղատնային սեզոնը», և մեր խոփանչիների հատկապես երիտասարդ հատվածը, իրեն, բառիս վատագույն իմաստով, նետում է կազինոներ։

Վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած, մարդը մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է կազինո, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը, մի բան էլ ավելին և տուն է մտել պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված․․․

Փաստորեն, աշնան վերջին, ամբողջ ձմռանը և մինչ գարուն, մինչ խոփանի նոր սեզոնի սկիզբը, Ջավախքի կազինոներում եռում է «պայքարը», «պայքար»՝ հանուն սեփական ունեզրկման, հանուն ստորացումի ու նվաստացումի, հանուն․․․ հանուն սեփական ինքնաոչնչացման․․․

Թվերը և վերլուծությունը սարսուռ են առաջացնում․ ՌԴ-ից խոփանչիների բերած գումարներն ուղղակի հոսում են կազնինոներ, այնտեղից՝ անհայտ ուղղություններով․․․
Եղավ նաև ինքնասպանության դեպք։

Քանի դեռ նոր է այդ սեզոնը բացվել՝ պարտքս եմ համարում հիշեցնել կամ, ավելի ճիշտ, վերհիշեցնել իմ այդ հայրենակիցներին․
- հիշեք ասֆալտի այն գոլորշին, տրակտորների այն «ջերմ գիրկը», ցեմենտի ու բետոնի այն բույրը, վերակացուների այն հայհոյանքները, ռուս ոստիկանների ու միգրացիոն ծառայության աշխատակիցների այն հայացքները, որոնք դուք ճաշակել եք խոփանի ողջ սեզոնին,

- հիշեք այն կարոտը, որ զգացել եք, լիելով ձեր ծնողներից, կանանցից ու երեխաներից հեռու, ձեր ծննդավայրից հեռու՝ Ռուսաստանի մոտ ու հեռավոր շինհրապարակներում,

- հիշեք ձեր մայրերին, ձեր կանանց, ովքեր առանց ձեզ ողջ ընթացքում աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ կարոտը սրտերում, աշխատել են՝ հույսով և սպասումով, մի բան ետ գցելու, մի բան տնտեսելու մեծ փափագով, մի օր բարեկեցիկ ապրելու մեծ մղումով, աշխատել են՝ սիրով ու նվիրումով, աշխատել են՝ որ ձեր տանը ոչ-ոք չզգա ձեր պակասը, աշխատել են՝ որ վերադարձին ձեր տունը միշտ ծաղկուն տեսնեք, ձեր պատիվը բարձր պահած տեսնեք․․․

- հիշեք ձեր երեխաներին, ովքեր ողջ ընթացքում իրենց մայրերի և պապիկ-տատիկների հետ աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ որ ձեր վերադարձին ձեզ ցույց տան, թե ինչքան լավ մանչեր ու աղջիկներ են եղել, ինչքան են օգնել ու զարմացրել մեծերին․․․

- հիշեք, որ հայ տղամարդու վեհ նպատակների մեջ կազինոն չի մտել երբեք․․․ ուշքի՛ եկեք, շուրջ բոլորը ամեն ինչ ձեր դեմ է աշխատում, մի՛ օժանդակեք հայակործան ծրագրերին, օղակը օրավուր սեղմվում է տարածրջանում, օղակ, որի նպատակը մեր տեսակին խեղդամահ անելն է, ներդրեք ձեր վաստակը ի շահ ձեր ընտանիքների, ձեր մշակույթի, ձեր դպրոցի, հանուն ձեր ու մեր սիրելի երկրամասի հոզորացման,

- հիշեք․ պատահական ոչինչ չկա կյանքում, և կազինոների «հաղթարշավը» ևս պատահական չի խրախուսվում Ջավախքում, հիշեք, որ մեր մեջ ձգտում են սպանել հայկականը, և պայքարը պետք է լինի հանուն հայ մշակույթի օջախների, այլ ոչ՝ կազինոյի մշակույթի օջախների,

- հիշեք, որ մեզ պետք է հայերեն խոսքի, հայ մշակույթի ու պատմության գիտակ սերունդ, մեզ պետք է պատվախնդիր սերունդ, այլ ոչ՝ կազինոյի լեզվով հաղորդակցվող, հայակործան ծրագրերի առջև վիզ ծռող անմեղսունակների զանգված,

- հիշեք, որ Սահակաշվիլին ջարդեց մեր թատրոնները, մեր դպրոցները, մեզ վայրենի և բարբարոս որակելով՝ բացեց ոստիկանատները, փակելով մեր մշակույթի օջախները՝ բացեց մեր առջև բանտերը, այժմ էլ մշակույթի օջախների փոխարեն բացվում են կազինոները, որտեղից թշվառություն կամ բանտ մեկ քայլ է։

- հիշեք մեծն Սոս Սարգսյանի խոսքերը․ այնտեղ, որտեղ քիչ են թատրոնները, շատ են բանտերը,

- հիշեք՝ վաղը ուշ է լինելու, շատ ուշ, հիշեք և ուշքի եկեք․․․

- հիշեք, որ Ջավախք կոչվող այդ երկրամասը թանկ, շատ թանկ երկրամաս է, իսկ այն սահմանը, որը դուք այսօր անարգել անցնում եք և պապակ սրտով ներխուժում կազինոներ, մի օր փակվելու է ձեր առաջ, և այդ օրը ամենևին էլ յոթ սարի հետևում չէ․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: