Հայերեն   English   Русский  

Քավոր-սանիկ հարաբերությունները կարող են բավարար լինել, որ ՍԴ նախագահը չկարողանա մասնակցել Քոչարյանի գործով քննարկումներին. Վարդանյան


  
դիտումներ: 402

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք», ասաց, որ Հովիկ Աղազարյանն արտահայտել է իր սեփական մասնավոր կարծիքը, որը չի հանդիասանում խմբակցության կարծիքը:

«Պարոն Աղազարյանը տեղյակ չէ պետաիրավական հանձնաժողովում ընթացող գործընթացների մասին, որոնք վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին, Դատական օրենսգրքի որոշ դրույթներ սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու վերաբերյալ մեր ընդհանուր գաղափարի նախագծին, տեղյակ չի այն բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել Արդարադատության նախարարության, կառավարության, նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Նա արտահայտել է կարծիք, որոնք էմոցիոնալ մտորումներ են»:

Խոսելով այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի գործը քննելիս կարող էր հայտարարել, որ ինքը Քոչարյանի պաշտպանի հետ ունի նման հարաբերություններ, Վարդանյանն ասաց, որ քավոր-սանիկական հարաբերությունները բավարար չեն, բայց այդ հարաբերությունների բնույթը, փոխկապակցվածությունը կարող են բավարար լինել, որ ՍԴ նախագահը չկարողանա մասնակցել տվյալ հարցի քննարկումներին:

Վլադիմիր վարդանյանը հիշեցրեց, որ Վահե Գրիգորյանը դառնալով ՍԴ դատավոր հայտարարել է, որ ինքը որոշակի կաշկանդվածություն ունի այդ գործով եւ չի կարող օբյեկտիվ ու անաչառ չափանիշներին համապատասխան մասնակցություն ունենալ այդ գործի քննությանը:

«ՍԴ-ն քննարկել է այդ դիմումը եւ եկել է որոշման, որ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այդ հարցի քննությանը: Հիմա մյուս դատավորները, որոնք նույնպես որոշակի առնչություն են ունեցել այս հարցին, նման ընթացակարգով չեն անցել: Դրա վերաբերյալ որեւէ տեղեկություն չունենք»,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ ՍԴ-ում Քոչարյանի հարցի քննարկման ժամանակ նրա ներկայացուցիչը ոչ թե Արամ Օրբելյանն էր, այլ Արամ Վարդեւանյանը, որի հետ պակեր չկան. «Բայց գործի նյութերի ուսումնասիրությունը, Արամ Օբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմելու նախապատրաստման փուլում Արամ Օրբելյանը ունեցել է որոշակի մասնակցություն: Արամ Օրբելյանի անունը այդտեղ շրջանառվում է: Կարող էր դա կաշկանդեր, կարող էր չկաշկանդեր, բայց դրան պետք էր անդրադառնալ: Ոչ ոք չի կարող դատավոր լինել սեփական գործով: Հիմա հարցն այն է, թե արդյոք սեփական գործով անձինք են եղել, որոնք Դատարանի մաս են կազմել եւ որոշումն այսպիսին է ստացվել: Այս հարցը պետք է լուծի հենց ՍԴ-ն»:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա գործադիր իշխանության կողմից հնարավոր ճնշումներին, նա նշեց. «Սովորաբար, եթե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում այս կամ այն երկրում, այդ ճնշումը զգում է դատավորը, որովհետեւ այդ ճնշման մասին չեն խոսում, չեն բարձրաձայնում: Այս դեպքում տեղի է ունենում իրավական գործընթաց: Հիմա եթե ԱԺ 3-5-ը որեւէ հարցով դիմի ՍԴ, դա եւս կարելի է դիտարկել որպես ճնշում դատարանի նկատմամբ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: