Հայերեն   English   Русский  

Նախկին զինվորականը շարունակում է պայքարել հանուն ոտնահարված իրավունքների


  
դիտումներ: 288

Կառավարության շենքի առաջ արդեն մի քանի անգամ հացադուլ հայտարարած ու Պաշտպանության նախարարության դեմ տարբեր դատարաններ դիմած նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը շարունակում է պայքարել իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

Մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, որ Խաչատրյանի երկարատև պայքարը կարծես դրական որոշ փոոխություններ է արձանագրում: Թեև Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս արձանագրել է, որ ՊՆ-ն բազմաթիվ բացթողումներ է թույլ տվել՝ կապված Խաչատրյանի զորացրման և նրան հասանելիք գումարի վճարման հետ, սակայն միայն մեկ ամիս առաջ էր ՀՀ ՊՆ-ն հրապարակել իրենց ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդ ուսումնասիրության՝ Ցոլակ Խաչատրյանի գործն ուսումնասիրվել է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կողմից, որը հանգել է այն եզրակացության, որ Ցոլակ Խաչատրյանին պահեստազոր արձակելու գործընթացում առկա են առերևույթ անճշտություններ և թերացումներ:

Օրեր առաջ Ցոլակ Խաչատրյանի գործով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հարցմանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ Ցոլակ Խաչատրյանի բողոքի հիման վրա կայացված մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ՀՀ պաշտպանության նախարարության մուտքագրվելուց հետո, գործով առկա փաստաթղթերը ենթարկվել են մանրակրկիտ ուսումնասիրության, սակայն քանի որ Վարչության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված բողոքարկման համար նախատեսված առավելագույն ժամկետներն անցել են, ուստի Խաչատրյանը կարող է դիմել դատարան իր խախտված իրավունքները վերակագնելու համար:

Ցոլակ Խաչատրյանը նշում է, որ բողոքարկման ժամկետները անցել են, քանի որ ՊՆ աշխատակիցներն են դիտավորյալ գործի քննությունը հետաձգել: Այժմ զինվորականը պատրաստվում է դիմել դատարան՝ իրավունքները վերականգնելու համար:

Նախորդ հրապարակման մեջ նաև տեղեկացրել էինք, որ armlur.am կայքում հրապարակված նյութի վերաբերյալ Խաչատրյանը դիմել է Գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ կայքում՝ «Ով է կառավարության շենքի դիմաց հացադուլ անող մայորը. ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնում» վերնագրով նյութ էր հրապարկվել, որտեղ, լրագրողի հարցմանն ի պատասխան, Պաշտպանության նախարարությունից ստացվել էր գրավոր պատասխան, որ մայոր Ցոլակ Խաչատրյանն իր ծառայության ընթացքում դրսևորել է վատ վարք և խախտումներ, ունեցել է 8 նկատողություն հրամանատարության կողմից և 5 անգամ դատապարտվել է:

Ըստ Խաչատրյանի, ՊՆ-ն լրատվամիջոցին նման տեղեկատվություն տրամադրելով, խախտել է անձնական տեղեկատվության գաղտնիության իրավունքը: Դատախազությունն օրերս մերժել է Խաչատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը, քանի որ Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ այն տեղեկատվությունը, որ տրամադրել են վերը նշված կայքին, չի համարվում գաղտնի տեղեկություն և իրենք ոչ մի նպատակ չեն ունեցել վիրավորելու Խաչատրյանի արժանապատվությունը:

Մեզ հետ զրույցում նախկին զինվորականն ասաց, որ ՊՆ-ն իրեն ու իր ծառայությանը վերաբերող ոչ միայն այնպիսի տեղեկատվություն է հրապարակել, որը համարվում է գաղտնի, այլև այն այնպես են ներկայացրել, որ արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը: Խաչատրյանն այս որոշումը ևս պատրաստվում է բողոքարկել վերադաս մարմին:

Նախկին զինվորականն այժմ սպասում է, որ թեկուզ դատական ընթացակարգերի շնորհիվ, բայց ի վերջո ՊՆ-ն կվճարի իրեն հասանելիք գումարները և կվերականգնվեն խախտված իրավունքները:

Հիշեցնենք, որ Ցոլակ Խաչատրյանն արդեն մի քանի տարի է փորձում է Պաշտպանության նախարարությունից ստանալ իրեն չվճարված ծառայության ընթացքում հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: