Հայերեն   English   Русский  

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար


  
դիտումներ: 496

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման

և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:


«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջև ծառայությունների մատուցման և համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իբրև թե ծառայությունների մատուցման և համագործակցության պայմանագրերի շրջանակներում ստացած ծառայությունների դիմաց փոխանցված գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը և Գուրգեն Սարգսյանը, օգտագործելով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակիցներին, վերջիններիս անվամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերը նշված ղեկավար ներկայացուցիչների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, ընկերությունից ազատ ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանք այլ նպատակների ծառայեցնելու համար, վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանը, իբրև թե մատուցված ծառայությունների համար, իրենց ընկերություններին որպես կանխավճար փոխանցված վերը նշված գումարների դիմաց դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով դրանց հանցավոր ծագումը, և 17.10.2016, 25.11.2016., 28.11.2016, 23.12.2016թթ. որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր կանխիկացնելով, այսինքն՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով, այդ գումարներից համապատասխանաբար 108 մլն. ՀՀ դրամը և 118.8 մլն. ՀՀ դրամը առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, գործելով նրանց ցուցումներով, «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603 մլն. ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 06.09.2016, 05.10.2016, 23.12.2016, 25.12.2017թթ. նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին:

«Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով՝ առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: