Հայերեն   English   Русский  

​Գյումրիասեր նախագահը հրապարակել է հերոսների անունները


  
դիտումներ: 421

Անկախության 28-ամյակի կապակցությամբ առաջին անգամ անցկացվեց ՛՛Մեր ժամանակի հերոսը՛՛մրցանակաբաշխությունը:

Գյումրու ՛՛Սև բերդ՛՛-ում ժամանակի հերոս պարգևի արժանացան Հայաստանի տարբեր բնակավայրերի 13 տնտեսվարող, որ ընտրվել էին 45-ից, ովքեր զրոյից բիզնես են հիմնել Հայաստանում և այսօր արդեն հաջողության հասել: Մրցանակը հայելիներից կազմված արձանիկ է, որն ինչպես ներկայացնում է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, յուրաքանչյուրն իրեն է տեսնելու այդ հերոսի դերում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՛՛Մեր ժամանակի հերոս՛՛-ներից մեկին մրցանակը հանձնելիս նշեց՝ թե բոլորն էլ իսկապես հերոս են իրենց գործունեությամբ: Նրանց մեջ կային նաև հայրենադարձներ:

- Երբ ես 8-րդ դասարանում էի սովորում, ռուսաց լեզու և գրականություն դասի ժամանակ հանձնարարվեց շարադրություն գրել ՛՛Մեր ժամանակների հերոսը՛՛ թեմայով: Ես այդ ժամանակ շարադրությունը գրեցի, բայց ուսուցչին չհանձնեցի՝ շատ անկեղծ էի գրել, - պատմեց նախագահը և, տասնամյակներ անց որոշեց այդ շարադրության մասին բարձրաձայնել Գյումրիում, հենց այս մրցանակաբաշխության ժամանակ: - Ես գրել էի, որ իմ ժամանակի հերոսն իմ հայրն ու մայրն են և իրենց հազարավոր ընկերները, տասնյակ հազարավոր այն ուրիշ հայերը, որ 1946, 47, 48 թվականներին, պատերազմից հետո Հայաստան վերադարձան, որը կորցրել էր 200-300 հազար որդի պատերազմում և երկիրը կատաստրոֆիկ վիճակում էր: Վերադարձան Հայաստան առանց վախենալու: Հայրենադարձության այդ սերուդը եկավ ու բնակվեց այստեղ՝ Գյումրիում, և ստեղծեց հսկայական արվեստ, արդյունաբերություն, մշակույթ, գիտություն: Իմ խորին շնորհակալությունը նրանց, ու նաև կոչ՝ բոլոր հայերին. վերադարձեք հայրենիք, ժամանակն է տուն գալու:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնում իր հայրիկին, որ դեռ 5 տարեկան հասակում իրեն հետը տանում էր Հայաստանի տարբեր շրջաններ և Արցախ, այդպես ավելի մտերմացնելով հայրենի հողի ու բնության հետ: Հենց 5 տարեկան հասակում է եղել նախագահ Սարգսյանը, երբ իր ընտանիքը եկել ու ապրել է Գյումրիում: Ուստի ժամանակի հերոսների մասին խոսելիս Արմեն Սարգսյանը նշեց դպրոցական տարիներից հետո իր համար նոր հերոսների մասին.

- Խոսելով այսօրվա հերոսների մասին, իմ կողմից մեկ ուրիշ հերոս էլ ունեմ, և այդ հերոսը Գյումրին է և գյումրեցին, որ համբերատար, 30 տարի սպասել է այսօրվան: Կորցնելով իր քաղաքի կեսը, բնակչության կեսը, հասկանալով, որ մեր ժողովուրդը պայքարի է դուրս եկել և իր ժամանակը չէ, արժանապատվությամբ կրել է իր դժվարությունները:

Նախագահ Սարգսյանը նշում է՝ այսօր եկել է ժամանակը, որ գյումրեցին ունենա նոր, ազատ ու ստեղծագործ կյանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: