Հայերեն   English   Русский  

Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է


Նաիրա Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 1002

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է:

Ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը»,- գրել է նա:
Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, Վայոց Ձորի մարզում, սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, որը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ իր աշխատանքային մի քանի գործընկերների միջեւ: Աղբյուրի տեղեկություններով՝ Արա Մխիթարյանն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետեւանքով: Վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաեւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց եւ ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել եւ վիճաբանությունը շարունակվել է: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: