Հայերեն   English   Русский  

Ի՞նչ ճանապարհ է անցել մետրոպոլիտենն ու ի՞նչ ծրագրեր սպասել առաջիկայում


  
դիտումներ: 45

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցն է, բայցև կառուցելու և պահպանելու տեսանկյունից՝ ամենաթանկը:

Թերևս, այդ է պատճառը, որ 1981-ից՝ շահագործումից ի վեր, Երևանի մետրոն շատ չի զարգացել. այն ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը շուրջ 12 կմ է: Այնուհանդերձ, մետրոյի նշանակությունն անընդհատ մեծանում է՝ հատկապես վերգետնյա տրանսպորտում առկա խնդիրների պայմաններում: Ամեն օր այստեղ գիծ է դուրս գալիս 9 շարժակազմ:

«Երևանը փոքրաթիվ բնակչությամբ այն քաղաքներից է, որին բախտ է վիճակվել ունենալ մետրո, և մենք հպարտանում ենք դրանով: Օրական մետրոպոլիտենից օգտվում է 55000-65000 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հունվարի մեկից առ այսօր, արդեն իսկ տեղափոխել ենք 1 մլն-ից ավելի ուղևոր»,- նշել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը:

Մետրոյի անխափան, անվտանգ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու: Կարգավարական տեղամասից է կարգավորվում Երևանի մետրոպոլիտենի ողջ աշխատանքը: Հերթապահությունն ամենօրյա է ու 24-ժամյա:

«Ամեն ինչ տեսնում ենք, գնացքների երթևեկությունը, թե որ գնացքն ուր հասավ: Գիշերն արդեն տնտեսական գնացքները դուրս կգան»,- նշել է գնացքային կարգավար Մարջան Կարապետյանը:

Ուղիղ ժամը 23:00-ից հետո Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, սակայն հենց այդ վայրկյանից սկսում է սպասարկող անձնակազմի աշխատանքը, որը թեև այնքան էլ տեսանելի չէ շատերին, սակայն անչափ կարևոր է մետրոպոլիտենի անվտանգ ուղերթերն ապահովելու համար: Ընթացքային գնացքների աշխատանքի ավարտից հետո՝ գիշերային ժամերին, իրականացվում են նաև ռելսերը հղկելու միջոցառումներ: Կարևոր է նաև շարժասանդուղքների անխափան աշխատանքը: Դրանց տակ՝ շատերիս համար չերևացող հատվածում, շուրջօրյա շարժ կա:

«Շարժասանդուղքների երկարությունը 76 մ է, ամեն օր իջնում ենք ներքև և ստուգում, որ անխափան աշխատեն»,- ասում է շարժասանդուղքների մեքենավար Հայկ Դարբինյանը:

Երևանի մետրոպոլիտենի վերջնականգառում կամ ինչպես ընդունված է ասել՝ դեպոյում է տեխնիկական զնման, սպասարկման և համալիր վերանորոգման արտադրամասը: Այստեղ հետևում են, որ գնացքներն անխափան աշխատեն: 1996թ. բացվեց մետրոպոլիտենի առայժմ վերջին՝ 10-րդ կայարանը՝ «Չարբախը»: Միակը՝ անկախության շրջանում: Խորհրդային տարիներին մշակված 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագիծը տասնամյակներ ի վեր մնացել է թղթին:

Այժմ քաղաքային իշխանությունը հանձն է առել վերսկսել այդ կայարանի շինարարությունը և մետրոյի զարգացմանը նոր թափ հաղորդել տալ: Քաղաքային բյուջեի համար անչափ թանկ այս ծրագիրը հնարավոր կլինի իրագործել գործարարների հետ համագործակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: