Հայերեն   English   Русский  

Հայաստանում բացվեց Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը


  
դիտումներ: 85

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Հյուպատոսի գրասենյակը կշարունակի Ղազախստանի դեսպանատան քաղաքականությունը, նոր երանգներ հաղորդելով երկու երկրների միջև տնտեսական, մշակույթային և սոցիալական կապերին:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը, տարբեր երկրների պատվավոր հյուպատոսներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ-ում Ղազախսատանի դեսպան Թիմուր Ուրազաևը ողջունելով ներկաներին նշեց, որ նորաբաց հյուպատոսության գործունեությունը նախևառաջ իրավական օգնություն կցուցաբերի Ղազախստանի քաղաքացիներին, ովքեր գտնվում են Հայաստանում, բացի այդ, այն կօգնի նաև Հայաստանի քաղաքացիներին ստանալ ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես՝ բիզնեսի և մշակույթի ոլորտների վերաբերյալ:

«Այս կառույցի բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային համագործակցության խորացման և զարգացման գործում: Հյուպատոսությունը գործունեություն կծավալի ինչպես երկու երկրների, այնպես էլ առանձին շրջանների և բնակավայրերի միջև»,-նշեց դեսպանը:

ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը նշեց, որ հյուպատոսությունը աջակցություն կցուցաբերի առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջև շփումների զարգացմանը:

« Մենք մեր գործունեությամբ կփորձենք նոր ազդակ հաղորդել երկու երկրների և մեր եղբայրական ազգերի միջև համագործացկությանը»,- ասաց ՀՀ- ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը՝ նշելով, որ հյուպատոսության կարճաժակմետ նպատակն է նոր ոչ ստանդարտ որոշումների կայացումը, քանի որ զարգացող աշխարհում միասին կարելի է հաղթահարել նոր մարտահրավերները, գտնել համագործակցության նոր ուղիներ՝ ստեղծված հարաբերություններին տալով նոր ուժ ու եռանդ:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսութան բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու և ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին:

« Այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետևողական և նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք»,- ասաց Վայոց Ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: