Հայերեն   English   Русский  

Այս պահին աշխատում ենք դատավորին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդության վրա. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 424

Սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալին:

Ankakh.com-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դեռ չեն ստացել դատարանի այդ որոշումը:

«Որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում, և եթե դրանից հետո սպառեցինք ներպետական ատյանները` վերաքննիչ, վճռաբեկ, ապա դիմելու ենք Եվրոպական դատարան»:

Ալումյանը տեղեկացրեց, որ դեռ հայտնի չէ, թե Վերաքննիչ դատարանում երբ է քննվելու իրենց բողոքը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մեկ այլ միջնորդության հիման վրա խափանման միջոց կալանքը վերացնելն ու անհապաղ ազատ արձակելը մերժելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր իր որոշումը, որով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Դրանից հետո, հիմք ընդունելով ՍԴ այս որոշումը, սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, որը սակայն մերժվել էր:

Վերջին դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել գործով դատավոր Աննա Դանիբեկյանին: Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։

«Մենք պատրաստվում ենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Ձեզ, որովհետև մինչ այս պահը Ձեր կողմից դրսևորած կամայականությունները ամբողջությամբ հիմք են տալիս մեզ պնդելու, որ այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թևի ճնշումների ու ազդեցության տակ, որն այսօր քաղաքական հետապնդում է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- սեպտեմբերի 20-ին դատարանում հայտարարել է Ալումյանը։

Նույն դատական նիստին պաշտպանական թիմը հայտարարել էր, որ 1 աշխատանքային օր է հարկավոր ինքնաբացարկի միջնոդությունը կազմելու համար:

«Այս պահին դեռ աշխատում ենք դատավորին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդության վրա, դեռ շատ ժամանակ ունենք, քանի որ հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: