Հայերեն   English   Русский  

​Հեռուստացույցի դիմաց իր հետ հավասար ապրում էի, ցավը քաշում. գյումրեցի մարզիչը աշխարհի չեմպիոնի մասին


  
դիտումներ: 321

Սեպտեմբերի 23-ին Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը գյումրեցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը 9 տարվա ընդմիջումից հետո աշխարհի չեմպիոնի տիտղոսը բերեց Գյումրի:

Վերջին անգամ, գյումրեցիներից, ծանրամարտում աշխարհի չենպիոն էր դարձել Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը 2010 թվականին՝ Թուրքիայում: Իսկ Հայաստանի համար աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճել է նաև Սիմոն Մարտիրոսյանը՝ նախորդ տարի:

- Պարզապես գյումրեցիների բազուկն ուժեղ է, - ասում է Հակոբ Մկրտչյանի անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, ով իր սանի մրցելույթներին հետևել է Գյումրիից:

- Պայքարը թեժ էր: Զգացումները՝ ինչպես այնտեղ կլինեի, նույնն էր: Ամեն մոտեցումը նպատակին հասցնելու համար իր հետ հավասար ապրում էի, ցավը՝ զգում հեռուստացույցի դիմաց նստած, - ասում է Արմեն Մկրտչյանը:
Սանի հետ երեկ էր զրուցել, հորդորել մարտական մոտենալ ծանրաձողին. ՛՛Նրան ամենաքիչը պոկում վարժությունն էր պետք, որ մի քիչ կիլոգրամներ հավաքեր: Հրումում նա ուժեղ է՛՛: Անձնական մարզիչը Անկախ-ի հետ զրույցում նշում է՝ հավատացել է Հակոբի հաղթանակին, նույնիսկ, երբ պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը չորրորդն էր: Նա պոկեց 167 կգ, փոխարենը հրում վարժությունում բարձրացրեց 208 կգ և 3-րդ մոտեցման կարիքն էլ չունեցավ:

- Ինքը կռվող տղա է, մինչև վերջ գնացող, թասիբով, հզոր բազուկներով մարզիկ է: Նրանից սպասելիքները մեծ էին, - Հակոբի մասին ասում է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը:
Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսին տիրացավ երկամարտի 375 կգ արդյունքով, ոչ մի հնարավորություն չտալով 89 կգ քաշային կարգում հանդես եկող մյուս մարզիկներին:
22-ամյա գյումրեցին ոսկե մեդալների մի ամբողջ շարք է բերել Գյումրի. նա պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2018-ի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է, այս տարվա ապրիլի 11-ին Բաթումում դարձել է մեծահասակների Եվրոպայի չեմպիոն: Այսօր արդեն աշխարհի ոսկին է նվաճել և դրանով չի սահմանափակվում: Անձնական մարզիչն ասում է, աշխարհի առաջնությունից հետո, Հակոբ Մկրտչյանը չի հանգստանալու, մասնակցելու է հոկտեմբերին կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Աշխարհի ամենահզոր բազուկների տեր մարզիկը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան է: Ծանրամարտով զբաղվում է 9 տարեկանից:

2019 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը Գյումրին երեք մարզիկով է ներկայացված: Հակոբն արդեն չեմպիոն է, Գյումրիում մեդալներ են ակնկալում նաև Սամվել Գասպարյանից՝ մինչև 105 կգ քաշային կարգում, ու Գոռ Մինասյանից՝ 105+ կգ քաշային կարգում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: