Հայերեն   English   Русский  

Ավանդական փառատոն, որտեղից յուրաքանչյուր մասնակից հեռանում է գոհունակ, չէ որ մի տեղում են լավ տրամադրությունը և քաղցր ու համեղ ավանդական հայկական գաթան


  
դիտումներ: 286

Հայ-ադրբեջանական սահմանից 500 մ հեռավորության վրա՝ թիկնեղ լեռների ստորոտում ծվարած Խաչիկ գյուղում, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ավանդական դարձած գաթայի ամենամյա փառատոնը:

Սկսած 2014 թվականից այս համայնքում ազգային երգ ու պարի ուղեկցությամբ ընթանում է այս փառատոնը, որը հայկական փառատոների ասոցացիայի ամենամյա կազմակերպվող փառատոների շարքում է ներառված։

Արդեն 6-րդ անգամ գաթայի սիրահարները հավաքվում են Խաչիկ գյուղում: Նրանք մասնակցում են գաթայի թխման գործընթացին, համտեսում, ծանոթանում համայնքի բնակիչների ստեղծագործ աշխատանքին, ներկայացված բերք ու բարիքին, վայելում բնությունը:

Փառատոնին ողջույնի խոսքով հանդես են եկել Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը։

«Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանը նշեց, որ գաթան սովորական չէ, այն իր չափերով բավական մեծ է: Նախորդ տարի կլոր գաթան ունեցել է 4 մ 30 սմ տրամագիծ, այս տարի այն 20 սմ-ով ավելին է լինելու:

«Փառատոնը միջոցառումներով հագեցած է լինելու, նախատեսված են գաթայի, լավաշի, արիշտայի պատրաստման վարպետաց դասեր: Լինելու է Խաչիկին բնորոշ ուտեստների պատրաստում, առանձին տաղավարներով ներկայացվելու է գյուղի բնակիչների բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը: Այդ ամենն ուղեկցվելու է երգ ու պարով»,-ասաց Անի Մավյանը:

Փառատոնի հիմնական նպատակն է սահմանամերձ Խաչիկ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսական ակտիվության խթանումը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիությանը նպաստելը:

Խաչիկ գյուղի վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանը նշեց, որ տարեցտարի այդ բոլոր նպատակներն իրագործվում են:

«Այս տարիների ընթացքում Խաչիկ գյուղը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց: Ունեցանք բազմաթիվ այցելուներ, որոնք տեղում ծանոթացան մեր գյուղի զբոսաշրջային հնարավորություններին: Փառատոնը շատ կարևոր է մեզ համար, հավատացեք, մեր բնակիչները փառատոնն ավարտվելու հաջորդ օրվանից սկսում են պատրաստվել հաջորդ միջոցառմանը»,-ասաց համայնքի ղեկավարը:

Խաչիկ գյուղի քահանա տեր Հովհաննես Մաթևոսյանը նշեց, որ գաթայի փառատոնն ամեն տարի մեծ տոնի է վերածվում: Սահմանամերձ գյուղը դառնում է տոնախմբության, հաճելի ժամանակ անցկացնելու, պատմամշակութային արժեքներ բացահայտելու վայր:

«Սա մի հարթակ է, որտեղ սահմանապահ գյուղացին շփվում է զբոսաշրջիկի հետ, սփյուռքահայն է գալիս Հայաստան համտեսելու համեղ ուտեստներ, ծանոթանալու տեղի մշակութային արժեքներին, պարզապես լավ ժամանակ անցկացնելու: Այս տարի գաթայի փառատոնը համընկավ Հայաստանի անկախության տոնի հետ: Մեր անկախ երկրի սահմանները սկսվում են նաև Խաչիկից: Այնպես որ, լավ առիթ է անկախության տոնը նշել հենց սահմանամերձ Խաչիկում»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի խոսքով՝ նման փառատոնները համայնքային զարգացման լուրջ գործոն են:

«Փառատոնի հիմնական խնդիրն այն է, որ վեր հանի գյուղի ազգային, մշակութային արժեքները, նպաստի հանրաճանաչությանը: Շատ կարևոր է, որ նման փառատոնները կազմակերպվում են ոչ միայն մեծ, մարդաշատ քաղաքներում այլ հենց համայնքներում, հեռավոր գյուղերում, որպեսզի ապահովի զբոսաշրջիկների այցելուների հոսք»,-ասաց նա: Բանախոսները վստահ են, որ այցելուների թվի ավելացմամբ համայնքը քիչ-քիչ կլուծի տարբեր տնտեսական, սոցիալական խնդիրներ, կբարձրանա գյուղի կենսամակարդակը: Անահիտ Ոսկանյանը կարևորեց Հայաստանում բազմաթիվ փառատոնների անցկացումը՝ ընդգծելով, որ տարեցտարի փառատոնային ասպարեզում տարբեր հարթակներում տեսանելի ենք դառնում:

Փառատոնի գլխավոր խորհրդանիշ մեծ գաթան այս տարի նախորդ տարվանից ավելի մեծ էր պատրաստվել։

Կազմակերպված համերգին մասնակցեցին մարզում գործող պարային համույթներ: Ներկաները վայելել են նաև սիրված երգիչներ Աղասի Իսպիրյանի, Մավր Մկրտչյանի և Գոհար Հովհաննիսյանի կատարումները։

Խաչիկը հերոսների դարբնոց է: Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն ու սերն այստեղ քննարկման ենթակա չեն: Խաչիկը երկրի այն մի փոքրիկ հատվածն է, որտեղից սկսվում կամ վերջանում է Հայաստանը: Խաչիկցիների մեծ մասը պայմանագրային զինծառայող է, զբաղվում են նաև անասնապահությամբ, որոշ չափով էլ՝ հողագործությամբ, որից ստացված բերքը հիմնականում իրացվում է շուկաներում:

Ավանդական երգ ու պարով ուղեկցվող այս փառատոնի յուրաքանչյուր մասնակից հեռանում է գոհունակ, չէ որ մի տեղում են լավ տրամադրությունը և քաղցր ու համեղ ավանդական հայկական գաթան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: