Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 396

Նավթի գների թռիչքը և հնարավոր պատերազմի հավանականությունը

Ինչպես գիտենք, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունն առանձնապես սրվեց սեպտեմբերի կեսին սաուդյան նավթային օբյեկտների հրետակոծության հետևանքով: Էր Ռիադը համոզված է, որ դա իրականացրել է Թեհրանը, և հայտարարում է, որ պատրաստ է հարձակմանն արժանի պատասխան տալ:

Իրանն առաջվա պես հերքեց իր մասնակցությունը (պաշտոնապես հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հուսիտները), իսկ Իսլամական հեղափոխության պահազորի հրամանատար Հոսեյն Սալամին նախազգուշացրեց, որ իրանական բանակը պատրաստ է ոչ միայն հակահարված տալ ագրեսորին, այլև լիովին ոչնչացնել նրան:

Իրավիճակը պայթյունավտանգ դարձավ հենց շաբաթվա սկզբին, երբ ակնհայտ դարձավ, որ նավթի գներն աճում են աննախադեպ արագությամբ, ինչը մեծ հարված է համաշխարհային տնտեսությանը: Վերլուծաբանները զգուշացնում էին, որ առաջիկա շաբաթներին մի բարելի գինը կարող է հասնել 100 դոլարի, և շատ բան է կախված այն հանգամանքից, թե որքան արագ կկարողանան սաուդցիները վերականգնել իրենց արտադրական հզորությունները: Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ Saudi Aramco-ի վնասված նավթային օբյեկտների վերանորոգումը կարող է ամիսներ տևել:

Ուստի պատահական չէ, որ միջազգային հանրության ուշադրությունը հիմնականում սևեռված էր այս խնդրին, որը մոտալուտ պատերազմի վտանգ էր գուժում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտեմբերգը հայտարարեց, որ չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրավիճակով և Իրանի վարքագծով, որը, իր խոսքով, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

Իսկ Դոնալդ Թրամփը նախազգուշացրեց, որ կարող է ռազմական ուժ կիրառել ագրեսորի նկատմամբ, թեպետ կուզենար խուսափել պատերազմից: Այնուամենայնիվ փորձագետները հույս էին հայտնում, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ Իրանը տարբեր պատճառներով լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում: Բոլոր կողմերն էլ բավականաչափ պատճառներ ունեն անդունդի եզրից հետ քաշվելու համար:

Ո՞վ կլինի Իսրայելի վարչապետը

Երեքշաբթի Իսրայելում տեղի ունեցան համընդհանուր ընտրություններ, որոնք նշանակել էր վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ հինգ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո չկարողանալով ձևավորել իշխող կոալիցիա: Ուստի միջազգային հանրությունն անհամբեր սպասում էր ընտրությունների արդյունքներին:

Արդեն իսկ նախնական արդյունքները հուշում էին, որ երկու հիմնական կուսակցությունները՝ «Լիկուդը» և «Կահոլ-լավանը», գրեթե հավասար թվով ձայներ են ստացել: Հետևաբար Նաթանյահուի համար շատ դժվար է լինելու կառավարություն ձևավորել:

Ընտրությունների արդյունքներով երկու Բենիամինների կուսակցությունները՝ Բեննի Գանցի «Կահոլ-լավան» և Բենիամին Նաթանյահուի «Լիկուդը» գրեթե հավասար թվով մանդատներ ստացան, համապատասխանաբար՝ 33 և 31, և վարչապետի պաշտոնում ռեկորդային տևողությամբ եղած Բենիամին Նաթանյահուի վարչապետ մնալը հարցականի տակ դրվեց: Բենիամին Նաթանյահուն Բեննի Գանցին կոչ արեց բանակցություններ սկսել ազգային միասնության կառավարություն ձևավորելու շուրջ: Գանցը հավանություն տվեց այդ գաղափարին, սակայն ընդգծեց, որ կառավարությունն ինքն է գլխավորելու: Իսրայելական արաբների կլուսակցությունները, որոնք ընտրություններին մասնակցում էին «Միացյալ արաբական ցուցակով» և 12 տեղ ստանալով՝ առաջին անգամ երրորդ քաղաքական ուժը դարձան երկրում, պաշտպանեցին «Կահոլ-լավայի» առաջնորդի թեկնածությունը Իսրայելի վարչապետի պաշտոնում: Ընդ որում, «Միացյալ արաբական ցուցակի» առաջնորդ Այման Օդեհան նշեց, որ իր զինակիցների այդ որոշումը բնավ չի նշանակում, որ իրենց դուր է գալիս Գանցը և նրա քաղաքականությունը, բայց իրենք հաստատ որոշել են թույլ չտալ Նաթաբյահուին իշխանության ղեկին մնալ ևս մի ժամկետ: Արաբների աջակցությունն իհարկե անհրաժեշտ մեծամասնություն չի ապահովում, բայց էապես ամրապնդում է նրա դիրքերը կառավարություն ձևավորելու իրավունքի ձեռքբերման հարցում: Ո՞վ կլինի Իրայելի վարչապետը: Այս հարցի հնարավոր պատասխանը կուրվագծվի ընթացիկ կամ առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ի՞նչ կորոշի Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը

Երկուշաբթի Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջին անգամ հանդիպեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումից առաջ Ջոնսոնը խոսում էր «զգուշավոր օպտիմիզմի» մասին, սակայն ստացավ մոտավորապես այսպիսի պատասխան. «ուղարկեք ձեր առաջարկությունները, կքննարկենք և կորոշենք»: Այսինքն՝ Բրյուսելը Ջոնսոնին հասկացրեց, որ իրենք նույնպես աներեր են և իրենց հետ չի կարելի կոշտ բրեքսիտի սպառնալիքով խոսել:

Ի լրումն, պարզ դարձավ, որ Ջոնսոնը դեռ պատասխան է տալու դատարանին, քանի որ գերագույն դատարանը քննելու է Ջոնսոնի նախաձեռնությամբ խորհրդարանի աշխատանքների ընդմիջման օրինականությունը:

Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսները պնդում են, որ նա կեղծ տեղեկությունններ է տվել թագուհուն խորհրդարանի աշխատանքների ժամանակավոր դադարեցման հավանությունը ստանալու նպատակով, որպեսզի խորհրդարանականները չխանգարեն իրեն Եվրամիությունում կոշտ բրեքսիտի քաղաքականությունն առաջ մղելու հարցում: Եթե դատարանը որոշի, որ իրոք խորհրդարանի աշխատանքների դադարեցումն անօրինական է, ապա դա մեծ հարված կլինի Ջոնսոնի կարիերային:

Ջասթին Տրյուդոյի բյեքֆեսը

Անցնող շաբաթն անբարենպաստ էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի համար: Time հանդեսը հրապարակեց մի լուսանկար, որում Տրյուդոն երևում է բլեքֆեյսով՝ դեմքը սևացրած գրիմով: Այդ կերպ ուրիշ ռասային նմանակելը ծայրահեղ ռասիստական վարքագիծ է համարվում Արևմուտքում:

Ընտրություններից առաջ հրապարակված այդ լուսանկարը կարող է լուրջ հարված հասցնել Տրյուդոյի կարիերային, որն առավել առաջադեմ ազատականներից մեկը և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ է համարվում:

Լուսանկարն արվել է 2001 թվականին, երբ Կանադայի վարչապետը 29 տարեկան է եղել և դասավանդել է Վանկուվերի քոլեջներից մեկում: Երեկույթի թեման արաբական հեքիաթներն են ղել, և Տրյուդոն ներկայացել է Ալադինի կերպարով:

Տրյուդոն ընդունել է, որ դա կենցաղային ռասիզմի դրսևորում է եղել, և խոստովանել է, որ չարժեր նման բան անել: Այսուհանդերձ հինգշաբթի լրատվամիջոցներում նոր լուսանկարներ հայտնվեցին և տեսագրություն, որոնցում Կանադայի վարչապետը դարձյալ պատկերված է մուգ դիմահարդարմամբ:

Իրանցի կանանց նվաճումը և «նրանք»

Անցնող շաբաթը ուրախություն բերեց իրանցի կանանց իրավահավասարության հասնելու տեսանկյունից: Առաջին անգամ անցած 40 տարվա ընթացքում նրանց թույլ կտան տղամարդկանց հավասար ներկա լինել ֆուտբոլային խաղերին: Այդ լուրը հայտնեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն, որն այդ հարցը քննարկել է Իրանի իշխանությունների հետ և ստացել դրական պատասխան:

ՖԻՖԱ-ի պատվիրակությունը մի շաբաթ անցկացրեց Իրանում Իրանի և Կամբոջայի խաղին նախապատրաստվելու շրջանակներում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին: Սկսած այդ խաղից՝ իրանցի կանայք հնարավորություն կունենան մարզադաշտերում դիտելու ֆուտբոլային խաղերը: Այդ իրավունքից նրանք զրկվել էին 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Իսկ ամերիկյան հնագույն Merriam-Webster բառարանի խմբագրությունը «նրանք» (they) դերանվանը նոր նշանակություն ավելացրեց: Այժմ այդ դերանունը կարող է օգտագործվել այն մարդկանց առնչությամբ, որոնք իրենց չեն նույնականացնում որպես տղամարդ կամ որպես կին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: