Հայերեն   English   Русский  

​Բորիս Ջոնսոնն ընդհատեց իր մասնակցությունը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի աշխատանքներին


Բրիտանիայի վարչապետը թռավ Լոնդոն, երբ երկրի Գերագույն դատարանը անօրինական ճանաչեց խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու մասին նրա որոշումը


  
դիտումներ: 184

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդհատեց իր այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի աշխատանքներին, և թռավ Լոնդոն:

Ինչպես այսօր՝ սեպտեմբերի 25-ին հաղորդել է Reuters-ը, կառավարության ղեկավարի աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը կատարվել է այն պատճառով, որ երեկ Միացյալ Թագավորության գերագույն դատարանը անօրինական է ճանաչել խորհրդարանի աշխատանքները հինգ շաբաթով ընդհատելու մասին նրա որոշումը:

Երեքշաբթի երեկոյան Ջոնսոնը արտահերթ հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ, նաև հեռախոսազրույց է ունեցել թագուհու հետ:

Ջոնսոնի՝ դատարանում վիճարկված քայլն անհարմար դրության մեջ է դրել թագուհուն, քանի որ նա է խորհրդարանի աշխատանքի ընդհատման թույլտվություն տալիս վարչապետին: Գերագույն դատարանի որոշումից բխում է, որ Ջոնսոնը կարող էր մոլորության մեջ գցել թագուհուն, եթե իր խնդրանքի պատճառը բացատրել է այն նույն փաստարկներով, որոնք բերել է հրապարակայնորեն: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տևական պրոռոգացիան անհրաժեշտ էր, որպեսզի կառավարության նոր ծրագիր պատրաստեր, ոչ թե խորհրդարանին խանգարեր բրեքսիտի գործընթացին միջամտելու հարցում:

Սեպտեմբերի 10-ից սկսված ընդմիջումից հետո Համայնքների պալատի առաջին նիստը սկսվելու է այսօր 11:30-ին (մեր ժամանակով՝ 14:30): The Times թերթի հաղորդմամբ՝ Ջոնսոնի պահպանողական կառավարությունը կարող է փորձել անմիջապես մի քանի օրով արձակուրդի ուղարկել խորհրդարանը Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարի անցկացման պատրվակով: Ընդդիմությունն էլ իր հերթին կփորձի կրկին իր վերահսկողության տակ առնել խորհրդարանի օրակարգը, որպեսզի խանգարի Ջոնսոնին բրեքսիտն առանց Բրյուսելի հետ գործարքի իրականացնելու հարցում: Բացի այդ, խորհրդարանականները մտադիր են բացատրություններ պահանջել կառավարությունից իր անօրինական որոշման կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: