Հայերեն   English   Русский  

ԱԳ նախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ


  
դիտումներ: 186

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը եւ Ժան-Բատիստ Լըմուանն անդրադարձ կատարեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական գնահատվեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները եւ շփումները, որոնք նոր լիցք են հաղորդում արյդունավետ երկխոսության եւ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի ԱԳ նախարարը եւ Ֆրանսիայի պետքարտուղարը կարեւորեցին համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց մարդկանց միջեւ շփումների խթանումը եւ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի եւ հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ արտգործնախարարը զրուցակցին տեղեկացրեց օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին եւ իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: