Հայերեն   English   Русский  

Առկա դժվարությունները պայմանավորված են մի քանի գործիչների անձնական ամբիցիաներով. արաբագետն` Իսրայելի քաղաքական ճգնաժամի մասին


  
դիտումներ: 335

Իսրայելում այս տարվա ընթացքում տեղի ունեցած արդեն երկրորդ խորհրդարանական ընտրություններից հետո էլ որևէ քաղաքական ուժի չի հաջողվում խորհրդարանում մեծամասնություն ձևավորել և կառավարություն կազմել։

Իշխող «Լիքուդ» կուսակցությունն իր աջակից այլ քաղաքական ուժերի հետ միասին խորհրդարանում ունի 55 մանդատ։ Ընդդիմադիր «Կախոլ-լավա» կուսակցությունն իր աջակիցներով ունի 54 մանդատ։ Մինչդեռ կառավարություն ձևավորելու համար հարկավոր է 61 մանդատ ունենալ։ Որոշիչ է նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումը․ այն խորհրդարանում ունի 8 մանդատ։

Ո՞ր քաղաքական ուժն ի վերջո Իսրայելում կառավարություն կձևավորի, հնարավո՞ր են արդյոք երրորդ խորհրդարանական ընտրություններ և ինչպե՞ս քաղաքական ճգնաժամը կանդրադառնա Իսրայելի և տարածաշրջանի վրա․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նորից քաղաքական մեծամասնություն չի ձևավորվել և կառավարություն կազմել չի ստացվում որևէ ուժի մոտ։ Ո՞րն է պատճառը, որ երկրորդ ընտրություններից հետո էլ խորհրդարանում մեծամասնություն ձևավորել որևէ ուժի չի հաջողվում։

-Ստեղծված իրավիճակւմ, ինչպես և նախորդ ընտրություններից առաջ, և դրան հաջորդած կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացներում, հիմնական ձախողման պատճառը նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի դիրքորոշումն է, որը հրաժարվում է ճամբարներից որևէ մեկին կամ երկու թեկնածուներից որևէ մեկին իր աջակցությունը հայտնելուց։ Ստեղծված պայմաններում 8 մանդատը, որ ստացել է Լիբերմանի քաղաքական ուժը, որոշիչ ազդեցություն ունի կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում։ Եվ առկա պայմաններում կարծես թե միակ եղանակը, իհարկե ոչ այնքան հեռանկարային, որը թուլ կտա հաղթահարել այս խոչընդոտը, երկու առաջատար ուժերի կողմից ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է, որի գործընթացը մեկնարկել է օրերս նախագահի մոտ երկու առաջնորդների հանդիպումից հետո։ Բայց պետք է նշել, որ այդ գործընթացը չի կարող լուրջ հեռանկար ունենալ, որովհետև գործիչներից յուրաքանչյուրը ձգտում է ձևավորվելիք ազգային համաձայնության կառավարությունում առաջինը ստանձնել վարչապետի պաշտոնը։ Նման կառավարության ձևավորման գործընթացն ենթադրում է, որ երկու գործիչները ռոտացիոն սկզբունքով կստանձնեն վարչապետի պաշտոնը:

-Իսկ ինչո՞ւ է կարևոր պաշտոնն առաջինը ստանձնելը:

-Անկյունաքարային նշանակություն ունի վարչապետի պաշտոնն առաջինը ստանձնելու հանգամանքը։ Բենի Գանցին աջակցած քաղաքական ուժերի և ընտրազանգվածի մեծ մասի հիմնական ակնկալիքը Նեթանյահուին վարչապետի պաշտոնից «գցելն» է։ Հետևաբար, եթե Բենի Գանցը գնա համաձայնության, և ռոտացիոն կարգով առաջինը պաշտոնը ստանձնի Բենիամին Նեթանյահուն, սա լուրջ հարված կլինի և իր կուսակցության համար, և հենց իր անձի համար որպես քաղաքական գործիչ։

Իսկ Բենիամին Նեթանյահուն ձգտում է առաջինը ստանձնել պաշտոնը դարձյալ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Առաջինն այն է, որ շարունակական լինի նրա պաշտոնավարումը, այսինքն անձնական ամբիցիաներ են։ Եվ երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, նրա դեմ հարուցված է միաժամանակ երեք քրեական գործ և վարչապետի պաշտոնում նրա պաշտոնավարումն է, որ թույլ չի տալիս երկրի գլխավոր դատախազին ընթացք տալ այդ քրեական գործերին և պատասխանատվության ենթարկել վարչապետին։

-Հանգամանքը, որ երկրորդ ընտրությունների արդյունքում էլ հնարավոր չեղավ խորհրդարանական մեծամասնություն ձևավորել, գուցե վկայում է այն մասին, որ Իսրայելում վստահության ճգնաժա՞մ կա գործող քաղաքական ուժերի հանդեպ։

-Գիտեք, բարդ է նման եզրահանգում անելը։ Ինչո՞ւ։ Որովհետև իսրայելական հասարակությունն առհասարակ բավականին բազմազան է։ Եվ այս պայմաններում հասարակական տարբեր շերտեր, տարբեր խմբեր ներկայացնող քաղաքական ուժերն էլ են բազմազան։ Սա է պատճառը, որ կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացը բոլոր ընտրություններից հետո գրեթե մշտապես նման բարդ ճանապարհ է անցնում։ Երևի թե եզակի դեպքեր կարելի է նշել, որոնք պայմանավորված են պետության համար կարևորագույն իրադարձություններով կամ մարտահրավերներով, երբ կառավարության ձևավորման գործընթացը համեմատաբար սահուն է անցել։ Եվ հասարակության շերտավորումը, և ընտրազանգվածի խայտաբղետ լինելը մշտապես պատճառ են դարձել, որ շատ ավելի մեծ թվով ուժեր մասնակցեն ընտրություններին և դերակատարություն ունենան հետագա կոալիցիոն կառավարության կազմման և երկրի կառավարման գործում։

Չեմ կարծում, որ այստեղ խորը ճգնաժամ է։ Ամբողջ խնդիրը թերևս պայմանավորված է Նեթանյահուի անձով: Եթե իշխող «Լիքուդ» կուսակցությունն առաջադրի մեկ այլ անձի, գործընթացը արագ կերպով կհանգուցալուծվի։

Ստեղծված իրավիճակը ոչ թե քաղաքական ճգնաժամ է, այլ առկա դժվարությունները պայմանավորված են մի քանի գործիչների անձնական ամբիցիաներով, միմյանց միջև եղած ոչ բարեկամական հարաբերություններով և անգամ ոխերիմ մրցակցությամբ։

-Իսկ այս պայմաններում երրորդ արտահերթ ընտրություններն իրատեսակա՞ն են:

-Ներկա իրավիճակում ամենաիրատեսական տարբերակը դա է, բայց հետաքրքիրն այն է, որ առանցքային դերակատարություն ունեցող ուժերից որևէ մեկը չի ստանձնում երկիրը երրորդ ընտրությունների տանելու պատասխանատվությունը, քանի որ այն ազդելու է նրա վարկանիշի վրա։ Այսինքն` այն քաղաքական ուժը, որի պատճառով կտապալվի կրկնընտրությունների արդյունքում կառավարության ձևավորման գործընթացը, կկրի ողջ պատասխանատվությունը։

Մեկ տարվա ընթացքում երեք խորհրդարանական ընտրությունը բավականին խնդրահարույց է ցանկացած պետության համար, անկախ նրա հնարավորություններից։

Իրականում բոլոր ուժերն էլ, հատկապես առաջատար ուժերը, կցանկանան, որ լինի երրորդ ընտրություն, որը քաղաքական ուժերի դասավորության իրական պատկեր կստեղծի։ Իսկ այս ընտրություններն, ի տարբերություն ապրիլյան ընտրությունների, ավելի խճճեցին իրավիճակը։ Եթե այն ժամանակ Նեթանյահուին մեկ մանդատ էր պակասում նվազագույն առավելությամբ կառավարություն ձևավորելու համար, ապա այսօր 6 մանդատ է պակասում։

Եթե լինեն երրորդ ընտրություններ, և Ներթանյահուն կրկին առաջադրվի իշխող ուժի կողմից, ապա դա կենթադրի աջակողմյան ճամբարի բացահայտ պարտությունը։ Իսրայելական հասարակությունն էլ քաջ գիտակցում է, որ երկիրը նման քաղաքական ճգնաժամի փուլ է ապրում ընդամենը մի քանի անձերի անձնական ամբիցիաների պատճառով, և դրանցից ամենաառանցքայինը Բենիամին Նեթանյահուն է։

Արմեն Պետրոսյան

-Դուք իրադարձությունների ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում։ Եվ թեկնածուներից ո՞րն ավելի մեծ շանսեր ունի Լիբերմանի հետ համաձայնության գալու։

-Այս պահին ավելի մեծ շանսեր ունի Բենի Գանցը, որովհետև Նեթանյահուի և Լիբերմանի հարաբերությունները, որոնք այնքան էլ հարթ չէին դեռևս մինչև ապրիլյան ընտրությունները, լարված են: Ողջ նախընտրական շրջանում երկու գործիչների հռետորաբանությունը խոսում էր այն մասին, որ նրանց միջև եղած խնդիրները ներկա իրավիճակում լուծելի չեն։ Լիբերմանն իր ելույթներում մեկ անգամ չէ, որ ակնարկել է Նեթանյահուին հեռացնելու մտադրության մասին։

-Արաբներն էլ են Գանցին պաշտպանելու մտադրության մասին հայտարարել՝ միայն ոչ Նեթանյահուն սկզբունքով։ Ինչո՞ւ են բոլորը ցանկանում ազատվել Նեթանյահուից և ինչո՞ւ չի ստացվում։

-Տեսեք՝ և տեսակով, և գործունեությամբ նա բավականին խարիզմատիկ և նաև բավական ուժեղ քաղաքական առաջնորդ է: Նրա հանդեպ վերաբերմունքը երբեք էլ միանշանակ չի եղել։ Մինչև ընտրությունները տեղի ունեցած սոցհարցումներով, անգամ եթե կուսակցության վարկանիշն անկում էր ապրում, Նեթանյահուի վարկանիշը մնում էր բարձր: Այսինքն` ընտրազանգվածը որպես վարչապետի հիմնական թեկնածու շարունակում էր դիտարկել հենց Նեթանյահուի թեկնածությունը։ Հատկապես վերջին տասը տարիներին անգնահատելի է նրա ներդրումը Իսրայել պետության` բազմաթիվ ոլորտներում արձանագրած հաջողությունների հարցում։ Բայց և այնպես, որևէ մեկ գործչի ավելի քան տասը տարի տեսնելը միևնույն պաշտոնում, ցանկացած դեմոկրատական հասարակության շրջանում որոշակի ձանձրույթի զգացողություն է առաջացնում: Ուստի հասարակությունը փոփոխության է ձգտում, անգամ եթե այդ փոփոխությունը չի երաշխավորում այնպիսի հաջողություն, որը եղել է ու կարող է շարունակվել ապագայում: Կարծես թե այդ փոփոխությունների ցանկությունն է, որ մղում է հասարակության զգալի մասին տեսնելու նոր առաջնորդի երկրի ղեկին։

Բայց ներկայում Նեթանյահուի օգտին են մի շարք հանգամանքներ, մասնավորապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երբ դարձյալ օրակարգային է Իսրայել պետության անվտանգության խնդիրը։ Անվտանգային իրավիճակի նման սրացումները աշխատում են Նեթանյահուի օգտին, քանի որ նա, և աջակողմյան ուժերն ընդհանրապես, մշտապես հանդես է եկել շատ ավելի կոշտ մոտեցմամբ անվտանգային խնդիրների լուծման հարցում։

-Այս ամիսներ տևած քաղաքական ճգնաժամն ինչպե՞ս կանդրադառնա Իսրայելի վրա։

-Գիտեք, կայացած պետություններում նման ճգնաժամերն այդքան էական ազդեցություն չեն ունենում։ Պետական հիմնական ինստիտուտները գործում են, և երկրի առաջ կանգնած օրակարգային խնդիրները կարգավորվում են, քանի որ կառավարությունը ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով աշխատում է։ Խնդիրը երկրի հեռանկարային զարգացման ծրագրերն են:

Սովորաբար ժամանակավոր կառավարությունները կենտրոնացած են օրակարգային խնդիրների լուծմանը, հեռանկարային ծրագրեր չեն իրականացնում, ինչը երկարատև ժամանակահատվածում կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: