Հայերեն   English   Русский  

Թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայում վերացնում հայկական հետքերը


  
դիտումներ: 200

Վանի տեղական «Vanpostası» թերթում հրապարակված հոդվածում Վանի օրինակով ներկայացվել է, թե ինչպես են գանձ որոնողները Թուրքիայի հատկապես նախկինում հայերով բնակեցված շրջաններում ավերում պատմական հուշարձաններն ու շինությունները:

«Պատմական վայրերի վրա աչք դրած գանձ որոնողները հեշտ ճանապարհով հարստանալու մոլուցքով ավերում են եկեղեցիներ, գերեզմաններ ու մզկիթներ: Գանձ գտնելու մղումը որոշ մարդկանց մոտ մոլուցքի է վերածվել»,- գրում է լրատվամիջոցը:

Հոդվածում նշվում է, որ գանձ որոնողները, որոնք թալանում են մշակութային հարստությունները, Վանի մի շարք շրջաններում ու կենտրոնական գյուղերում արդեն քարուքանդ են արել բազմաթիվ գերեզմանոցներ, պատմական տներ, եկեղեցիներ ու նույնիսկ մզկիթներ:

«Գանձախույզերը շարունակում են իրենց գործունեությունը»,- գրում է հոդվածագիրն ու շարունակում,- «Նրանք քաղաքի տարբեր հատվածներում գտնվող պատմական, մշակութային, կրոնական շինությունների շուրջը կամ ներսում անցքեր են անում (փորելով-խմբ.):

Նույնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրա աչք դրած գանձ որոնողները տարբեր մեթողների են դիմում: Նրանք գանձեր են փնտրում այն տեղերում, որտեղ կան գերեզմանաթմբեր, ավերակներ, եկեղեցիներ ու մզկիթներ: Գանձ որոնելու «գործը» ոմանց մոտ հոբբի է դարձել: Կան նաև այնպիսիք, որոնք դա իրենց համար մասնագիտություն են դարձրել: Երբեմն նույնիսկ հարուստներն են փնտրում: Շատերը բռնվել են գործի վրա: Քիչ չէ գանձ որոնելու համար ազատազրկվածների թիվը, բայց դա չի խանգարում, որ նրանց մեծ մասը չհրաժարվի դրանից: Ոմանք բահերով ու փորիչ գործիքներով են փոսեր փորում, շատերն էլ տրակտոր են վարձում: Փոսեր փորելու ընթացքում լրջորեն վնասում են պատմական ու մշակութային վայրերը, հուշարձանները:

Նախկինում այստեղ ապրողների՝ հողի տակ թաքցրած գանձերը գտնելը դարձել է հարստանալ ցանկացողների հույսը: Այդ հույսի հետևից ընկած մարդիկ երբեմն վաճառում են իրենց ունեցածի մեծ մասն ու դետեկտորներ գնում, կամ տրակտորներ վարձակալում: Երբեմն որոնումները կորուստներով են ավարտվում: Փոսեր քանդելու ընթացքում պատահարից մահացողներ էլ են լինում»:

Ըստ հոդվածագրի տեղեկությունների՝ «պատերազմի ու գաղթերի հետևանքով» Թուրքիան լքած հայերն ու հույները իրենց թանկարժեք իրերը վաճառել են ու վերածել ոսկու, որն գաղթից առաջ թաղել են հողի տակ՝ ապագայում հետ վերադառնալու հույսով: Հեղինակը նշում է, որ հայերը մեծամասամբ նախընտրել են իրենց թանկարժեք իրերը թաղել տան մեջ, իսկ հույները՝ բակում:

«Անատոլիայի մի շարք գյուղերում դեռ կան հայերին ու հույներին պատկանած ու կանգուն մնացած տներ: Բազմաթիվ որոնողներ համարակալել են այդ (պոտենցյալ-խմբ.) գանձերը: չհամարակալվածներն էլ կան: Գանձախույզները, օգտագործելով նաև արդի տեղխնիկական միջոցներ, թաղած թանկարժեք իրերը գտնելու նպատակով մոբիլիզացվել են,- ասվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակը զրուցել է նաև Վանի գյուղերից մեկի մի բնակչի հետ, ով պատմել է, թե ինչպես են գանձ որոնողներն ավերել իրենց գյուղի հայկական տներն ու գերեզմանոցը:

«Մեր գյուղի տների մեծամասնությունը հայերից էր մնացել: Մինչև 2011 թվին Վանում տեղի ունեցած երկրաշարժը դրանցում մարդիկ էին բնակվում: Երկրաշարժից հետո այդ տներից մարդկանց դուրս գալուց հետո գանձ որոնողները օգտագործում են առիթը ու գիշերները գալիս փոսեր են փորում: Շատ տներ քանդվեցին դրանց ներսում փոսեր փորվելու հետևանքով: Տների պատերի վրա պատմական գրություններ էլ կան: Տներն իրենք իրենցով պատմություն են, այդ պատմությունը ջնջվում է գանձ որոնողների կողմից»,- ասել է Օմեր Քուշան անունով բնակիչը:

Քուշանը պատմել է նաև, որ գյուղի 2 հատվածում հայկական գերեզմանոց կա, որոնց ամեն տարի այցելում են զբոսաշրջիկները:

«Վերջին տարիներին չքանդված գերեզման չի մնացել: Գանձախույզները փորում են գերեզմանները, ինչ-որ բան գտնում կամ էլ չեն գտնում ու առանց հողը տեղը լցնելու թողում հեռանում են»,- պատմել է Քուշանը: Նա նշել է, որ կատարվողը իրենց էլ է անհանգստացնում՝ հույս հայտնելով, որ մի լուծում կգտնվի այս հարցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: