Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանի խոսքը կոնտեքստից կտրել ու անտեղի շահարկում են. Բադասյանը վարչապետի հայտարարած «վնգստացող դատավորների» մասին


  
դիտումներ: 95

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե ՍԴ-ից իրենց է փոխանցվել ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկած նամակների հայերեն տարբերակները, սակայն դրանցում չի եղել ոչ ստորագրություն, ոչ ամսաթիվ, ասաց, որ

պարզ չէ, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում:

«Ես պարոն Վարդանյանի մտահոգությունները կիսում եմ, որովհետև ՍԴ-ն իրավասու է ընդունել որոշումներ և եզրակացություններ, և պարզ չէ, թե այդ դիմումներն ինչ իրավական ակտով են ընդունվել: Պարզ չի, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ՍԴ-ում: Հարց է առաջանում, ՍԴ դատավորները տեղյա՞կ են այդ դիմումի բովանդակությանը, տեսե՞լ են, քվեարկե՞լ են, խոսե՞լ են այդ դիմումի բովանդակության մասին: Ինձ էլ է դա մտահոգում»,-ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «վնգստացող դատավորների» մասին, նաև դատարանների արգելափակումը ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ասաց, որ ընդհանուր կոնտեքստից խոսքը կտրել և դա տարածել ամբողջ դատական իշխանության վրա, ու դա ներկայացնել որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ անտեղի շահարկում է:

«Վարչապետի ցանկացած խոսք պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում, թե նա ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսում: Ինքը դրանով խնդիրներն է արձանագրել: Որոշ խնդիրներ կան, բայց հետո դա ներկայացնել, որ դա ճնշում է, բոլոր դատավորներն անկախ չեն, նման բան երբևէ չի հնչել կառավարության կողմից»:

Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ պատրաստվում են իրեն նշանակել ԱԱԾ տնօրեն, Բադասյանը հերքեց այդ լուրերը և ասաց, որ դա նույնքան հավանական չէ, որքան եթե իրեն նշանակեն ֆինանսների նախարար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: