Հայերեն   English   Русский  

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դրական և բացասական կողմերը


  
դիտումներ: 456

Կառավարությունն իր՝ օգոստոսի 1-ի նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշման նախագծին: Դեռ ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ ավելի մեծ և տեխնիկապես հագեցված ավտոմաքսատուն կառուցելու առիթն այն է, որ սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ հոսք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա: Իսկ ավտոմաքսատունը Գյումրիում կառուցելու գաղափարը նպատակ ունի զարգացնել նաև երկրի ծայրամասերը:

Չնայած մի խումբ վարորդներ դժգոհում են այս փոփոխությունից և ասում, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն իրենց համար լուրջ խնդիրներ կառաջացնի, սակայն «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը նշում է, որ իր հագեցվածությամբ այս ավտոմաքսատունը վարորդներին ու ավտոներկրողներին կօգնի ավելի արագ մաքսազրծել մեքենաները:

«Դեռ կառավարության դիրքորոշումը հստակ չէ, թե արդյոք մաքսատունը Գյումրի տեղափոխելով Երևանում ընդհանրապես չի կատարվելու մաքսազերծում: Իմ կարծիքով թույլ կտան որոշ քանակությամբ մեքենաներ, այնուամենայնիվ, մաքսազերծվեն այստեղ։ Այս պահին վարորդների համար Գյումրի հասնելու և մեքենաներն այնտեղ մաքսազերծելու ամենամեծ խնդիրը կապված է ճանապարհների հետ։ Եթե այդքան հոսք լինի դեպի Գյումրի, ապա ճանապարհը կծանրաբեռնվի, բացի այդ ճանապարհը լուրջ վերանորոգման կարիք ունի։

Բայց հետագայում կարծում եմ այս հարցն էլ կլուծվի, քանի որ Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելուց հետո Գյումրի հասնելը շատ ավելի արագ կլինի, և բացի այդ, քանի որ Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը շատ ավելի մեծ է, հետևաբար ժամանակ և միջոցներ տնտեսելու համար Գյումրի գնալն ավելի ձեռնտու կլինի վարորդների համար»,-նշում է Քեյանը։

Այս պահին Գյումրիում մեծ թափով ընթանում են ավտոմաքսատան շինարարական աշխատանքները: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված է արտաքին լուսավորությամբ, և շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր: ՊԵԿ-ից նշում են, որ եթե ընթացքում անհրաժեշտություն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: