Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 667

Շաբաթը սկսվեց նախորդ հանգստյան օրերին երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգներում արած հայտարարությունների հակասական տպավորությունների մթնոլորտում:

Նրա ընդդիմախոսներն արդեն չեն բավարարվում առանձին թեզերի քննարկումներով, այլ ամփոփիչ եզրակացություններ են անում վարչապետի գործունեության մասին՝ հնչեցնելով առավել քան խիստ մեղադրանքներ՝ պետության ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդում, ավանդական ազգային արժեքների ոչնչացում, ատելության և կործանարար կեղծիքի սերմանում, բանակի ոգու կոտրում և այլն, որոնք ավելի վտանգավոր են, քան թշնամու կրակոցը:

Իր հասցեին Լոս անջելեսում Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքեց խիստ ու կտրուկ՝ Փաշինյանի գործելաոճի որակումներին ավելացնելով արդեն «այնպիսի բաների մասին խոսելը, որոնցից ոչինչ չի հասկանում», պայմանավորվածությունները խախտելը, ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարությունները, իր խոսքերի հետևանքների մասին չմտածելը, «ով մեզ հետ չի, ազգի դավաճան է» թեզի առաջմղումը, զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումները, սեփական կարգավիճակի մասին տարրական սահմանադրական գիտելիքների բացակայությունը և այլն:

Հաջորդ օրն իսկ ուշագրավ և իմքայլականների համար անսպասելի հայտարարություն արեց Փաշինյանի թիմակից և Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը: Նա ասաց, որ Արթուր Վանեցյանը եղել ու միշտ մնալու է իր ընկերը և համաձայն է նրա հետ՝ պետք է սթափվել:

Փաշինյանի լոսանջելեսյան ելույթներին քիչ ուշացումով արձագանքեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, քանի որ վարչապետը խոստացել էր ծնկի բերել այն եկեղեցականներին, որոնք կփորձեն «քանդել վառավարության ոտքի տակ»։ Կաթոսղիկոսը լրագրողներին տեղեկացրեց, որ սպասում է վարչապետի վերադարձին՝ ակնկալելով զրույց նրա հետ: Թե ինչ բովանդություն կունենա այդ զրույցը և ինչ հետևանքներ, հավանաբար հայտնի կդառնա ընթացիկ և հետագա շաբաթներին:

Շաբաթն սկսվեց նաև կառավարության շենքի առաջ մի խումբ սպաների բողոքի ցույցով: Ինչպես գիտենք, Վայոց ձորում մարզպետի թիմակիցների հետ վեճի և ծեծկռտուքի հետևանքով կյանքի ու մահու կռիվ է տալիս փոխգնդապետ Արա Մխիթարյանը, նա կոմայի մեջ է, և բժիշկների հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն: Սպային ծեծելու համար կասկածվող Վայոց ձորի մարզպետի 28-ամյա օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Սակայն ցուցարար զինվորականները պահանջում են պատասխանատվության ենթարկել նաև մարզպետին՝ մտավախություն ունենալով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքներ կկոծկվեն մարզպետին մեջտեղից հանելու համար:

Համենայն դեպս փաստն այն է, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ թե հեռացվեց պաշտոնից, այլ հնարավորություն տրվեց, որ նա ինքնակամ հրաժարական տա: Նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները զորավարժությունների ավարտից հետո՝ պնդելով, որ ինքը որև է առնչություն չունի միջադեպի հետ:

Սակայն այդ օրվա և առհասարակ շաբաթվա ամենացնցող դեպքը տեղի ունեցավ կեսգիշերին: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Պարզվեց, որ դեպքից առաջ Հարությունյանն օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Եվ ամբողջ շաբաթն անցավ հակասական հայտարարություններով ու մեկնաբանություններով՝ առկախ թողնելով «ինքնասպանություն, թե՞ սպանություն» հարցը: Բայց մի հարցում տարակույս չկա. այս ողբերգական դեպքը կապված է Մարտի 1-ի գործի հետ: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ոստիկանապետ է եղել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ և այդ գործով առանցքային վկաներից էր։

Դեպքի վերաբերյալ շտապեց մանրամասներ հայտնել hayeli.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ այդմ՝ ինքնասպանությունը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ, և Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան, էս մի քանի ամիս է՝ ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»:

Ուշագրավ է, որ այս սցենարը պնդեց նաև մեկ այլ լրատվամիջոց՝ «Ժողովուրդը», որի գլխավոր խմբագիրը խորհրդարան է մտել «Իմ քայլի» ցուցակով: Քննչական կոմիտեից սակայն հերքեցին այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ միակ վկան հարցաքննվել է և հայտնել, որ Հայկ Հարությունյանի հետ խոսակցությունը չի առնչվել Մարտի 1-ի գործին։ Ավելին՝ Քննչական կոմիտեն գրություն ուղարկեց այդ լրատվամիջոցներին՝ պահանջելով հերքում տալ և կանչելով հարցաքննության:

Մի օր անց մամուլի վարկածը, թե Հայկ Հարությունյանը ինքնասպանությունից առաջ դժգոհել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի ճնշումներից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համարեց պատվեր, միաժամանակ կարծիք հայտնեց, որ նախկին ոստիկանապետի մահը հետագա քննության վրա կարող է էական ազդեցություն թողնել։

Թե ինչ հետևանքներ կունենա այս ամենը տվյալ լրատվամիջոցների ղեկավարների համար, հայտնի կդառնա առաջիկա օրերին: Առայժմ առկա է այն փաստը, որ դրանից հետո «Կենտրոն» հեռուստաընկերությունը դադարեցրեց hayeli.am-ի ղեկավար Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակումը: Թե ինչու, նա հրաժարվեց առայժմ մեկնաբանել: «Կենտրոն» հեռուստաընկերությունից էլ հերքեցին այն լուրերը, թե հաղորդումը հեռացվել է եթերից քաղաքական դրդապատճառներով:

Իսկ հետևանքները Մարտի-1-ի գործին առնչվող ուրիշ անձանց համար արդեն զգացվում են: Մեղադրանք առաջադրվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության նախկին պետը և վարույթն իրականացնող մարմինը իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են պաշտոնեական լիազորությունները չարաշահել, պաշտոնեական կեղծիքներ կատարել և ապացույցները կեղծել: Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Անցնող շաբաթը նշանավորվեց ծավալներով աննախադեպ ռազմավարական զորավարժություններով, որոնց ներգրավված էին նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները: Մասնակցում էր նաև Արցախի Պաշտպանության բանակը, խաղարկվում էր «Ապրիլյան պլյուս» սցենարը:

Ի դեպ, ամփոփվեց նաև «Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունը, որը ընթացել է 3 փուլով և նպատակ ուներ բարձրացնել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների և ուժային այլ կառույցների պատրաստվածության մակարդակը, հակազդել ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին: Զորավարժություններին մասնակցել են ԱՊՀ յոթ պետությունների հատուկ ծառայությունները: Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Հայաստանում՝ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք հասել են զորավարժությունների նպատակին:

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։ Ի տարբերություն ուրիշ պետությունների և մեր երկրի նախկին ղեկավարներին՝ նա հիմնականում խոսեց ներքին խնդիրներից, բողոքեց, որ բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով ֆինանսական իր ռեսուրսները։ Նա դժգոհեց նաև նույն ռեսուրսներից սնվող լրատվամիջոցներից, որոնք, ըստ նրա, կեղծ լուրեր հորինելով, հասարակության մեջ անվստահություն են սերմանում «թավշյա հեղափոխության» ծագման և նպատակների առնչությամբ: Եվ ամենակարևորը՝ ՄԱԿ-ի ամբիոնից կրկնեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր բանաձևը, այն է՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ կոչ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ընդունել այդ բանաձևը և պայմաններ ստեղծել դրա համար:

Սակայն Հայաստանում նրա ելույթի դրույթների քննարկմանը զուգահեռ արծարծվում էր այն հարցը, որ նրա ամերիկյան ուղևորությունը, որի համար հարկատուներիս հաշվին ծախսվեց կես մլն դոլար, զրոյական արդյունք տվեց մեր երկրին:

Գյուղացիներին էլ, որոնք եկել էին տրակտորներով ու հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ սպառնալով փողոց փակել, քիչ էին հետաքրքրում աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական հարցերը: Գետաշենի բնակիչների բողոքը վերաբերում էր իրենց այսօրվա ծանր կացությանը: Նրանք ֆերմերային տնտեսություն են ստեղծել և մոտ 10 օր ջուր չլինելու պատճառով չեն կարողացել ոռոգել հողատարածքն ու մեծ վնասներ են կրել։ Փոխհատուցում էին պահանջում:

Զուգահեռ շարունակվում էին «Սանիթեքի» աշխատակիցների ցույցերը, որոնք իրենց հասանելիք աշխատավարձն են պահանջում և այդպես էլ չեն ստանում:

Փոխարենը առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու պատճառով նոր կալանավոր ունեցանք՝ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը: Իսկ կառավարությունն այս ընթացքում խոշոր նվեր ստացավ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանից՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի շուկայական արժեքը ավելի քան 7,5 մլրդ դրամ է։ Հայաստանի բնակչությանը նվեր խոստացավ նաև Քիմ Քարդաշյանը՝ ներքնաշորի իր բիզնեսը բերել Հայաստան և աշխատատեղեր բացել։

Իրավագետներն ու քաղաքական գործիչներ էլ ամբողջ շաբաթ զբաղված էին դատաիրավական բարեփոխումների փաթեթի քննարկմամբ՝ երբեմն հասնելով չափազանց մտահոգիչ եզրակացությունների. առանձին դրույթներ պարզապես չեն համադրվում իրավագիտական նորմերին ու սկզբունքներին և չեն բխում Հայաստանի պետական շահերից:

Այսպիսին էր անցնող շաբաթը, որ նման էր նախորդներին. կալանավորումներ, սպառնալիքներ, բողոքի ցույցեր, տնտեսական ծանր կացություն, և այդ ամենի համար առայժմ պատասխանատու է համարվում ոչ թե գործող իշխանությունը, այլ նախկինները, որոնք, չունենալով լծակներ, սակայն օգտագործելով լրատվամիջոցները, խոչընդոտում են ձեռնարկվող բարեփոխումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: