Հայերեն   English   Русский  

Եթե դատավորին հարցեր հնչեցնելը որակում են քրեորեն հետապնդելի արարք, ապա այստեղ կա խտրական վերաբերմունք. Փոստանջյան


  
դիտումներ: 45

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով 2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որից հետո քրեական գործ է հարուցվել Քոչարյանի աջակիցներից մի քանիսի նկատմամբ և նրանք ձերբակալվել, ապա կալանավորվել են, ասաց, որ

Հայաստանում հարցեր հնչեցնելը քրեորեն հետապնդելի արարք չէ:

«Շատ ցավում եմ, որ այդ հարցի հեղինակն այսօր, ըստ էության, այսօրվա գործող կառավարության առաջին դեմքն է: Եթե դու դատավորներին անվանում ես շներ և ասում, որ շները տերեր են ման գալիս ու այստեղ-այնտեղ վնգստում են, դու արդեն ինքդ ես դատավորների նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք: Այս համատեքստում պետք է դիտել խնդիրը»,-ասաց նա:

Փոստանջյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կա՞ Հայաստանում մի դատավոր, որ կարող է իրեն չլսել:

«Սա նշանակում է, որ կառավարության ներկայացուցիչը կարող է դատավորներին ցուցումներ տալ: Մենք լսել ենք նաև հեռախոսազրույցները, որտեղ կա արտահայտություն՝ դատավորին ասել ենք՝ ուզես, չուզես կալանքը պիտի տաս: Սա միջամտություն է դատական գործունեությանը: Հետո մենք տեսանք, թե ինչ գործընթացներ ծավալվեցին ՍԴ դատավորների շուրջը, նաեւ հայտարարվեց, որ պետք է շրջափակենք դատարանները: Երկու դատավորների, որոնք գնում էին իրենց աշխատավայր, նրանց խոչընդոտում էին: Եթե դու դրան գնահատական չես տալիս, բայց երբ երկու երիտասարդ փողոցում տեսնում են դատավորին ու նրան հարց են տալիս, դու դա որակում ես քրեորեն հետապնդելի արարք, այստեղ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել նրան «արդյոք վնգստացող դատավորների թվին է պատկանում»: Նա համառորեն, շուրջ 10 րոպե նկարահանել էր Դանիբեկյանին հնչեցնելու հարցեր: Տեսանյութը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Մտնելով դատարանի շենք՝ Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորել և ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանը, և տեսանկարահանմանը մասնակցած Սարգիս Օհանջանյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: