Հայերեն   English   Русский  

ԱԱԾ-ն գնացել է կնոջս աշխատավայր, երեխաներիս դպրոց. չեմ հասկանում, դարի կոռուպցիոներին էին փնտրում .Դավիթ Սանասարյան


  
դիտումներ: 140

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ժամանակավորապես լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն ասաց, որ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա։

«Կարեկցում եմ Թորոսյանին, քանի որ հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ, որը կեղծ ցուցմունք տալն է, քանի որ ես շատ հստակ ասել եմ, որ իմ աշխատակիցն իրավունք չունի տենդեռի մասնակցել, որովհետեւ ինքը տենդեռ ուսումնասիրողն է։ Երկրորդ՝ ես կանչել եմ ինձ մոտ Սամվել Ադյանին, որն ասել է, որ կապ չունի, Թորոսյանն ինձ ասում է՝ ես էլ բիզնես ունեմ, էդ կարեւոր չի, կարեւորը պետության շահն է, լավ գին է առաջարկում»,–նշեց նա։

Սանասարյանը ենթադրում է, որ կարող էր խանգարել նաև Արսեն Թորոսյանին, սակայն այլ մանրամասներ չի նշում։

Նա նաեւ նշեց, որ վարչապետին դեռ վաղուց է գրել, որ եթե անվստահություն կա իր նկատմամբ, ինքը հրաժարական կտա, իսկ վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա, կա ցուցմունք, քրեական գործի ավարտից հետո կհասկանան:

«Երբ հեմոդիալիզի վերաբերյալ մամուլի հրապարակումը եղավ, ես ինձ մոտ եմ հրավիրել Սամվել Ադյանին մի քանի անգամ, ես կապ եմ հաստատել ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, խնդրել եմ, որ դիալիզի թեման, որը կոռուպցիոն կծիկներով է օգտագործվում, ԱԱԾ–ն ու ՊՎԾ–ն փորձեն իրար հետ առաջ տանել, մարդկանց մոտ ամեն ինչ հարթվի ու հասկանան։ Վանեցյանը ինձ ասաց, որ այդ մասին վարչապետին զեկուցեմ, վարչապետն իրեն հրահանգի, ես զեկուցել եմ վարչապետին։ Դրանից հետո իմ դեմ գործ հարուցվեց, երբ ես եմ իրենց խնդրում, որ բոլորի համար պարզ լինի»,–նշեց նա։

Սանասարյանը մանրամասնում է, թե ինչու է վստահել Սամվել Ադյանին.

«Ինչու եմ ես վստահել Սամվել Ադյանին, որովհետեւ նա գնումների ոլորտում երկար տարիների մասնագետ է, մինչեւ այդ աշխատել է Հաշվեքննիչ պալատում, իր գործունեության արդյունքում ՊՎԾ-ում մի քանի հարյուր միլիոն դրամ վերականգնվել է պետբյուջե, մարդը ցույց է տվել, որ պետությանն օգուտ է տալիս, նույնիսկ ասել է՝ պետական մարմինների համար գնումների մասին դասընթաց կազմակերպենք, այսինքն նա ցույց է տվել բարեխիղճ վարք»։

Նա պնդեց՝ մինչեւ իրեն մեղադրանք առաջադրելը իր մոտ են եկել Սամվել Ադյանի հարազատներն ու փաստաբանը եւ նշել, որ Սամվել Ադյանին ճնշում են, որ իր դեմ ցուցմունք տա. «Ճնշում է գործադրվել, որ իմ դեմ ցուցմունք տան»։

Սանասարյանը նաեւ չհերքեց՝ ԱԱԾ–ն գնացել է իր կնոջ աշխատավայր. «Ինձ համար նյարդայնացնող էր, որ գնացել են կնոջս աշխատավայր եւ անձնական գործեր ուզել, քանի որ քրգործի մաս չի, կինս համաձայնություն չի տվել, ու իրենք վրդովվել են, բացի այդ գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլ նաև մեծ տղայիս նախկին դպրոց են գնացել, չեմ հասկանում դարի կոռուպցիոներին էին փնտրում։ Ո՞վ է վճարել, ի՞նչ վճար է կատարվել վճարովի դպրոցում»։

Նրա խոսքով՝ ստուգել են իր կատարած վճարումները, մեքենայի մասին տեղեկություըն, բայց ոչինչ չեն գտել։

Նրա խոսքով՝ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն, թե ինչի առնչությամբ է հարուցվել, սակայն Սանասարյանը պնդում է՝ կրկնակի հետապնդում է իր նկատմամբ իրականացվում։

«Տեսան, որ այս գործը հիմնավոր չի, հիմա փորձում են այլ բաներ փորփրել»։

Սանասարյանը ենթադրում է, որ առանձնացված մասը ՊՎԾ գործունեությանն է առնչվում։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Սանասարյանի գործն արդեն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:

Ըստ տեղեկությունների Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը Արսեն Թորոսյանն է: Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: