Հայերեն   English   Русский  

Մենք պետք է Ցեղասպանության մասին բարձրաձայնենք ոչ միայն ապրիլի 24-ին ընդառաջ. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 799

ԵԺԿ-ի ընդունած բանաձևը նպաստավոր իրավիճակ է ձևավորումˋ թույլ տալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բարձրաձայնել Ցեղասպանության ճանաչման հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա նկատեց, որ ԵԺԿ-ն Եվրոպայում ամենաազդեցիկ կուսակցությունն է, ինչ շնորհիվ դրա կողմից ընդունած բանաձևը մեծ դեր կարող է խաղալ միջազգային դիվանագիտության շրջանակներում Ցեղասպանության խնդիրը բարձրաձայնելու համար. «Դա թույլ կտա ակտիվ աշխատել եվրոպական երկրների հետ: Միևնույն ժամանակ հարցի հաջողությունը կախված է մեզանից: Մենք պետք է շատ և բազմաթիվ ուղություններով աշխատենք»:

Թևան Պողոսյանը գտնում է, որ Հայաստանի դիվանագիտական շրջաններում պետք է դադարեն վերաբերվել Ցեղասպանության խնդրին որպես ապրիլյան խնդիր և միայն այդ ամսվա ընթացքում աշխատեն: Այս ուղղությամբ պետք է աշխատել ամբողջ տարվա ընթացքում: «Ապրիլյան դիվանագիտությունը» հատուկ է Թուրքիայի վարած քաղաքականությանը, որը կարող է որոշումներ ընդունել ապրիլին և կամ դրանից առաջ, իսկ հետո մոռանալ դրանց մասին. «Մենք պետք է սովոր լինենք այս քաղաքականությանը: Մենք պետք է Ցեղասպանության մասին բարձրաձայնենք ոչ միայն ապրիլի 24-ին ընդառաջ, այլ առհասարակ պետք է օգտագործենք ցանկացած հնավարություն միջազգային հարթակում այս հարցը հնչեցնելու համար, հատկապես հիմա, երբ բանաձևի ընդունումից հետո մի շարք նախադրյալներ են ստեղծվել այս մասին խոսելու»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Միևնույն ժամանակ Թևան Պողոսյանը նկատեց, որ ոչինչ չի փոխվի, եթե անգամ ամբողջ աշխարհը ընդունի Ցեղասպանությունը, իսկ Թուրքիան` ոչ. «Պետք է թուրքական հասարակությանը իրազեկել և ստիպել Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը: Դա պետք է լինի ոչ թե զուտ էմոցիոնալ դաշտում, այլ պետք է հասկանալ, որ կատարվել է մարդկության դեմ հանցագործություն և հանցագործը պետք է պատժվի», - նշեց Թևան Պողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: