Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզպետն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին ու զրպարտությանը


  
դիտումներ: 196

Երեկ տեղի է ունեցել “Իջեւան” բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով: Այս մասին հայտարարություն է տարածել Տավուշի մարզպետարանը:

«Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին, հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, և թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը:

-Քանի որ “Իջևանի” բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախեւառաջ ինձ ուղղված զրպարտություն է,- նշում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,- զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար: Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը, մեղանչելով ճշմարտության դեմ՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար:

Սակայն այդ կեղծ ու պատիր արդարցման փորձը չպետք է արատավորի մեկ ուրիշի հեղինակությունը: Օրենքի եւ իրավունքի երկրում հարաբերությունները կարգավորվում են օրենքներով: Թույլ չեմ տալու որեւէ մեկին՝ սեւացնել մեր կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից: Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար»,-ասված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: