Հայերեն   English   Русский  

Կառավարությունը հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը


  
դիտումներ: 49

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կառավարության հերթական նիստում

հաստատվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության վերջին՝ երրորդ, հակակոռուպցիոն ռազմավարությունը նախատեսված էր 2015-2018 թվականների համար, ուստի 2018 թվականի դեկտեմբերին ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել էր:

«2019 թվականի փետրվարի 14-ի «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ սահմանվեց կոռուպցիայի դեմ առավել թիրախավորված և արմատական պայքար մղելը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը: Միաժամանակ, կառավարության ծրագիրը նախատեսում է, որ պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով:

Կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված ուղով կենսագործելու, ինստիտուցիոնալ կառուցակարգերի և առաջիկա տարիների հակակոռուպցիոն առաջնահերթությունների նախանշման առումով կարևորվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի սահմանումը»,- ասված է հիմնավորման մեջ»,- ասված է հիմնավորման մեջ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: «Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Ռազմավարությամբ հատուկ կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը և միասնական հետևողական քայլերի ձեռնարկումը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր»,- ասաց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: