Հայերեն   English   Русский  

Պետք են ջանքեր, ամենօրյա աշխատանք, ոչ թե պարզապես հռետորաբանություն․ իրանագետը՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման հնարավորությունների մասին


  
դիտումներ: 1000

«Հայ-իրանական հարաբերություններում զարգացման դրական դինամիկան միշտ պետք է պահվի։ Իրանի հետ լավ հարաբերություններին այլընտրանք չկա,

քանի որ Իրանը տարածաշրջանում հարցեր լուծող պետություն է, որը կարող է առճակատման գնալ անգամ ԱՄՆ-ի հետ»,- ասում է իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ ամփոփելով ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ նախագահի այցը Հայաստան։ Սա Հասան Ռոհանիի առաջին այցն էր Հայաստան իշխանափոխությունից հետո։

«Հայ-իրանական հարաբերություններում զարգացման դրական դինամիկան միշտ պետք է պահվի։ Իրանի հետ լավ հարաբերություններին այլընտրանք չկա, քանի որ Իրանը տարածաշրջանում հարցեր լուծող պետություն է, որը կարող է առճակատման գնալ անգամ ԱՄՆ-ի հետ»,- ասում է իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ ամփոփելով ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ նախագահի այցը Հայաստան։ Սա Հասան Ռոհանիի առաջին այցն էր Հայաստան իշխանափոխությունից հետո։

Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ շեշտադրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»,- հայտարարել է Ռոհանին։

Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների հանդիպմանը՝ Ահարոն Վարդանյանը շեշտում է, որ իրանական կողմն ընդգծել է Հայաստան-Իրան երկաթգծի կարևորությունը՝ թեման կրկին օրակարգ բերելով։ «Եվ դա միայն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում չէր։ Սկսած օգոստոսից և ավելի վաղ իրանական փորձագիտական շրջանակներում շրջանառվում էր թեման։ Որքան էլ զարմանալի է, իրանցիներն են միշտ փորձում այդ հարցն ակտիվացնել, ոչ թե մենք»,- ասում է Վարդանյանը։

Հարցին, թե ինչու է հայ-իրանական հարաբերություններում մշտապես խոսվում հնարավորությունների ու համագործակցության ուղղությունների մասին, սակայն գործը, արդյունքը հստակ տեսանելի չէ, Վարդանյանը պատասխանում է․ «Հարցը պետք է ուղղել գործ անողներին, պատասխանատուներին։ Կարծում եմ, որ այստեղ կա նաև Իրանին ճանաչելու և երկուստեք հարաբերություններ կառուցելու խնդիր։ Բայց սա լուծելի խնդիր է, որից հարաբերությունները չպետք է տուժեն»,- ասում է նա։

Ահարոն Վարդանյան

Անդրադառնալով գազ-էլեկտրաէներհգիայի դիմաց ծրագրի ընդլայնման հնարավորություններին՝ Վարդանյանն ասում է․ «Երբ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ խոսք է գնում Հայաստանին գազ մատակարարելու մտադրության մասին, այդ հնարավորությունից պետք է օգտվել և փորձել եռակողմ ինչ-որ համաձայնագիր ստորագրել կամ այս ոլորտում եռակողմ հարաբերություններ հաստատել»։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև ճանապարհաշինական ծրագրերի։ Վարդանյանն ասում է, որ իրանական կողմը միշտ է կարևորում Հայաստանում բարվոք, միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհների առկայությունը։

«Եթե մենք փորձում ենք Իրանի հետ լուրջ մեգածրագրեր իրականացնել և չունենք ճանապարհներ, դա մի տեսալ կուրջ չի դիտարկվում։ Երբ չենք կարողանում Իրանի հետ նորմալ հաղորդակցվել կամ ճանապարհները ոչ բարվոք վիճակում են, էլ ի՞նչ մեծ ծրագրերի մասին խոսք կարող է լինել»,- ասում է նա։

Վարդանյանը նշում է, որ Իրանը կարևորում է մեր երկիրը մի շարք պատճառներով։ Նախ՝ Հայաստանը միակ պետությունն է, որ ԵԱՏՄ-ի հետ ցամաքային սահման է ապահովում Իրանին։ Նաև Իրանը Հայաստանին դիտարկում է որպես առանձին խաղացող տարածաշրջանում, որի հետ պետք է հարաբերություններ հաստատել։

«Իրանցիները, լինելով կայսերական մտածողության մարդիկ, չեն բավարարվում մի ուղղությամբ հարաբերությունները զարգացնելով։ Նրանք փորձում են այլընտրանք ունենալ Թուրքիայի տարածքով ԵՄ-ին կապող ճանապարհին։ Թուրքիան և Իրանը տարածաշրջանում մրցակից պետություններ են, այլընտրանքային ճանապարհը պետք է, որ հարկ եղած դեպքում կարողանան մրցակցել ըստ արժանվույն»,- ասում է Վարդանյանը և շեշտում, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կարող է կապել Պարսից ծոցը և Սև ծովը։

Հարցին, թե արդյոք այս անգամվա պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, Վարդանյանն ասում է․ «Կախված է բացառապես մեզանից։ Եթե շատ լավ, հետևողական գործենք, ապա պայմանավորվածությունները գործի կվերածվենն։ Իրանցիների հետ բավական բարդ է այդ առումով, որովհետև նրանց հետ պետք է շատ հետևողական աշխատել»։

Իրանագետն ասում է, որ մեր հարևանների՝ իրանցիների մտածողությունը և ժամանակի զգացողությունն այլ են․ նրանք չեն շտապում, ի տարբերություն մեզ ու այլ գործընկերների։ Ուստի կարևոր է նրանց հետ շփումներում հաշվի առնել նրանց մտածողությունը և ըստ այդմ գործել։ Իրանագետն, օրինակ, մեծագույն սխալ է համարում, երբ համագործակցություն ստեղծելու նպատակով իրանցիներին առաջինը ներկայացնում են մեր երկրի հարկային օրենսգիրքը և համակարգը։ «Դա նրանց վանում է»,- ասում է Վարդանյանը։

Դիտարկմանը, թե գուցե Իրանի հետ աշխատող հանձնաժողովներում, պատվիրակություններում իրանագետ պետք է ընդգրկվի, Վարդանյանը նշում է, որ դա պետք է որոշեն իշխանությունները։

Իրանագետը նաև շեշտում է, որ Հայաստանը կարող է Իրանին ՌԴ-ի և ԵՄ-ի հետ կապող օղակ դառնալ։ «Թե Ռուսաստանը, թե ԵՄ-ն չեն ճանաչում Իրանին և այդ փոխվստահության մթնոլորտը չկա, ինչ կա հայերիս և իրանցիների միջև»,- ասում է նա։ ։

Երկկողմ համագործակցությունից բացի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներ են ստեղծվում նաև ԵԱՏՄ շրջանակներում։ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ ուժի մեջ կմտնի Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը։ Իրանագետը նշում է՝ եթե այն ամբողջությամբ կյանքի կոչվի, դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա շուտով զգալի կլինի։

«Բայց դրա համար պետք են ջանքեր, ամենօրյա աշխատանք, ոչ թե պարզապես հռետորաբանություն»,- ասում է Վարդանյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: