Հայերեն   English   Русский  

Սուդանցի կինն իր դստերն անվանակոչել է հայ բժշկի պատվին


  
դիտումներ: 94

Ankakh.com-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Աֆրիկյան Սուդանում մարդասիրական առաքելություն իրականացնող բժիշկ Արմեն Մկրտչյանին: Նա Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգն է, ով երկու ամիս Սուդանում փոխարինելու է Ավրորայի հերոս Թոմ Քաթինային:

Տեղի կապի ոչ միշտ հասանելիության պատճառով հայազգի բժիշկը հաճախակի չի կարողանում կապի դուրս գալ Հայաստանի հետ, այսօր բժիշկը ուրախ լուր է հայտնել. առավոտյան հիվանդանոցում շրջայց կատարելիս իրեն անակնկալ են մատուցել.

<Գիշերն ինձ կանչում են, թե զույգ պտուղ է: Առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան... Հասնում եմ, ու՝ որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում: Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ... Երկրորդ երեխայի անունը, ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է Արմինե>, - հայտնել է բժիշկը:

Հավելենք, որ Գյումրու հիվանդանոցի բժիշկն իր մարդասիրական առաքելությունն Աֆրիկայում կավարտի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում:

Հիշեցնենք, բժիշկ Արմեն Մկրտչյանը <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության կողմից ընտրվել է որպես Սուդանում բժիշկ Թոմ Քաթինային փոխարինող: Քաթինան <Ավրորա> մարդասիրական նախաձեռնության նախագահ է ընտրվել, համախմբում է հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները: 2017 թ-ին նա <Ավրորա> մարդասիրական մրցանակի դափնեկիր է դարձել՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար:

Բժիշկ Քաթինան պետք է մեկներ Սուդանից՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բայց ասել է կբացակայի միայն այն դեպքում, երբ իրեն փոխարինող լինի Սուդանում: Երկար փնտրտուքների արդյունքում բժշկին փոխարինողի լավագույն թեկնածու է համարվել հենց Գյումրու հիվանդանոցի բժիշկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: