Հայերեն   English   Русский  

Կրկին ձախողվեց ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն անցումը


  
դիտումներ: 225

Շուրջ մեկուկես տարի է ինչ Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանությունը ավտորիտար վարչապետ Սերժ Սարգսյանից փոխանցվել է իր բնորոշմամբ «ճիշտ Նիկոլին»:

Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանության ժառանգորդը որոշ դեպքերում գերազանցելով իր նախորդին` շարունակեց ոտնահարել հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները, իրավունքի գերակայությունը և անտեսեց արդյունավետ կառավարման նկատմամբ հարգանքը:

Հայաստանի Հանրապետությունում կայուն ժողովրդավարական բարեփոխման գործընթացի և հայ ազգի բոլոր հատվածների համար վստահության, հավաքականության ու համախմբվածության բարենպաստ պայմաններ և մթնոլորտ ստեղծելու փոխարեն` գործող իշխանությունը ջանքեր գործադրեց ատելություն ու պառակտում մտցնելու հայության քաղաքական, սոցիալական և աշխարհագրորեն տարբեր մասերում ապրող հատվածների միջև:

Հայության քաղաքական և պետական կառավարման մասնագիտական հատվածների հետ քաղաքական երկխոսության անհրաժեշտ պահանջվածությունը` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի, ինչպես նաև ներքին բարեփոխումների վերաբերյալ անտեսվեց և մերժվեց:

Դատարանների անկախության ոտնահարումը, այլախոհ տեքստի, խոսքի ու կարծիքի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումը և զանգվածային լրատվության միջոցների ազատության ոտնահարումը «ճիշտ Նիկոլի» պաշտոնավարման շրջանում կրկին խոչընդոտ ստեղծեցին` ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն անցման համար:

Անառարկելի է` շուրջ երեսուն ամյա ավտորիտարիզմի ընթացքում հանրության համար մտահոգիչ ամենածանր հանցագործությունները իրենց ամբողջության մեջ չպետք է մնան անպատիժ: Դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի ազգային և միջազգային մակարդակով, այդ թվում՝ միջազգային դատարանի մակարդակով: Քրեական հետապնդումները բոլոր գործերով պետք է տեղի ունենան իրավունքի գերակայության սկզբունքը հարգելով: Առանց ազգային և միջազգային իրավական ընթացակարգերի պահպանման հնարավոր չէ հասնել հանցագործությունների բացահայտման և արդար պատժի: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքները պետք է տարածվեն յուրաքանչյուր անձի նկատամամբ, այդ թվում բոլոր նրանց, ովքեր կմեղադրվեն ամենածանր հանցագործությունների մեջ:

Դիտարկելով «ճիշտ Նիկոլի» շուրջ մեկուկես տարվա պաշտոնավարումը` թվարկված ոլորտներում արձանագրում ենք.

ա) ժողովրդավարական հաստատությունների կայունություն ու արդյունավետություն և իրավունքի գերակայության զարգացում ու ամրապնդում` ձախողված է.

բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովում` ձախողված է.

գ) դատական և իրավական բարեփոխումների ապահովում այնպես, որ երաշխավորվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը` ձախողված է.

դ) վարչական կարողությունների ամրապնդում և իրավապահ մարմինների անկողմնակալության ու արդյունավետ աշխատանքի երաշխավորում` ձախողված է:

Եվս մեկուկես տարի հետխորհրդային հանրապետությունից դեպի ազգային պետություն, մասնատված հայությունից դեպի միացյալ հայություն անցումը, որը արդի հայ ազգի քաղաքական օրակարգի առանցքն է` ձախաղվեց:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

8 հոկտեմբերի 2019թ.

Երևան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: