Հայերեն   English   Русский  

Ի՞նչ կարծիք ունի Թուրքիայի ընդդիմությունը Սիրիայում քրդերի դեմ նոր ռազմական օպերացիա սկսելու մասին


  
դիտումներ: 78

Թուրքիայի ընդդիմությունը մտահոգված է երկրի ղեկավարության կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ նախապատրաստվող նոր ռազմական գործողության առնչությամբ:

Նախօրեին Սպիտակ տունը, ինչպես նաև թուրք մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողություն է սկսելու Եփրատ գետի արևելյան հատվածում քուրդ զինյալների դեմ։ Մինչ այդ էլ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ: Վերջիններս քուրդ զինյալներին համարում են ահաբեկիչներ։

Թուրքիայի իշխանությունների կողմից նախաձեռնվող նոր ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խմբակցության փոխնախագահ Սարուհան Օլուչը։ Ըստ նրա՝ ռազմական գործողությունը ոչ մի կերպ «հանգստություն և կայունություն չի բերի Սիրիային»։ Նա նշել է, որ Սիրիայում առկա խնդիրները պետք է լուծել ոչ թե ռազմական, այլ ժողովրդավարական ճանապարհով։

Իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)։ Մասնավորապես քեմալական պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Սեզգին Թանրըքուլուն հարցադրում է արել իշխանություններին՝ արտահայտելով իր դժգոհությունը:

«Ցավոք, կառավարությունը, 8 տարի միջամտելով Սիրիայի պատերազմին, այդ երկիրը ամայացրել է։ Այժմ գտնվում ենք նոր պատերազմի շեմին: Ո՞ւմ հողի վրա և ո՞ւմ համար եք ստեղծելու այդ անվտանգության գոտին»,-ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում կլինի խիստ սխալ քայլ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: