Հայերեն   English   Русский  

Գյուղացու և բնության անտեսանելի, բայց ամուր կապը


  
դիտումներ: 949

Եթե տարբեր երկրներում մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր, ապա Գևորգյանների ընտանիքում օրը մեկ այլ խորհուրդ ևս ունի. ընտանիքի մեծը՝ Գառնիկ պապը, ծնվել է 1937 թվականի հենց մարտի 8-ին։

Սա, կարծում եմ, պատահական չէ։ Պապի մարդկային բազմաթիվ բարձր որակների մեջ կարելի է առանձնացնել նրա կնամեծարությունը։

Դեռ վաղ տարիքից սկսել է աշխատել։ Չնայած այսօր չի ցանկանում հիշել անցյալի դժվար օրերը, բայց թոռներն են պատմում, որ պապի հայրը պատերազմ է գնացել ու դրանից հետո մորը, քույրերին ու փոքր եղբորը պահելու համար նա ստիպված է եղել ծանր աշխատանք կատարել:

Որոշ ժամանակ արտագնա աշխատանքի է գնացել, բայց հայրենիքի կարոտն էր պատճառը, որ կարճ ժամանակ աշխատելուց հետո վերադարձել է ու էլ չի փորձել դրսում աշխատանք փնտրել։

Հայրենի հողին, ջրին ու ամեն շյուղին ամուր կառչած Գառնիկ պապն արդեն բոլորել է 80-ի շեմը:

Երբ նրան հարցնեք՝ որն է աշխարհի ամենալավ անկյունն ապրելու համար, միանշանակ մի պատասխան կստանաք՝ Շիրակի մարզի Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղը, և հենց Պեմզաշենն է պապին կենսախնդություն ու ժրաջանություն տվողը:

-Մենք բնիկ Պեմզաշենից ենք, իմ պապերն էլ են Պեմզաշեն ծնվել,-ասում է պապն ու ես հասկանում եմ, որ անգամ նրա արտաբերած Պեմզաշեն անվան մեջ տիեզերական սեր ու ջերմություն կա:

Նույն այդ ջերմությունը կա նրա ամեն մի խոսքում, երբ պատմում է իր ստեղծած այգու, տան ու վերջապես մեծ ու համերաշխ ընտանիքի մասին:

Պապի ու իր իսկ ստեղծած բնության անտես կապի մասին թոռները շատ լավ գիտեն:

-Մեր տան բակում մի խնձորի ծառ կար, որ շատ գեղեցիկ էր ու բոլորս շատ էինք սիրում բակի հենց այդ ծառը։ Ամենից շատ պապն էր կապված դրա հետ. չէ՞ որ ինքն էր տնկել ու մշակել,-պատմում է Մերին՝ Գառնիկ պապի թոռնուհին,-Ծառը շատ էր մեծացել ու խանգարում էր մեր տանը։ Պապն անցած տարի իր ձեռքով կտրեց այն, որովհետև գիտեր, թե որքան է խանգարում: Կտրելուց հետո ծանր հիվանդացավ։ Բժիշկները տարբեր ախտորոշումներ էին տալիս, բայց ես գիտեմ, որ պապի հիվանդության պատճառը ներշնչանքն էր, պատճառը իր ձեռքով աճեցրած ծառը կտրելն էր։ Մեր այգում ամեն մի միրգ յուրահատուկ համ ու հոտ ունի, քանի որ պապը դրանց մեջ մեծ սեր ու ջերմություն է դրել։

Գառնիկ Գևորգյան

Դժվար չէ պատկերացնել, թե որքան դժվար է Գառնիկ պապի համար անգամ կարճ ժամանակով հեռու ապրել իր ծննդավայրից (այժմ ապրում են Երևանում, որովհետև ընտանիքի մյուս անդամներն այստեղ են սովորում ու աշխատում), բայց նա պատրաստ է նման դժվարությունների դիմանալ հանուն թոռների:

-Ես ստեղ էլ ընկերներ ունեմ: Առավոտյան շատ քնել չեմ սիրե, դե բոլոր գյուղացիներն են էդպես, ու ես կկարծեմ՝ շատ քնել էլ պետք չէ: Կզարթնիմ առավոտ շուտ, կպատրաստվիմ ու կերթամ բակ:

Իսկ բակում արդեն Գառնիկ պապին սպասում են նարդու ընկերները: Առանց նրան նարդի խաղալ չկա. չէ՞ որ հենց նա է լավագույն խաղացողը:

Բայց պապն այդքան էլ հեշտ դուրս չի գալիս տանից:

-Պապս իր հասակակիցներից տարբերվում է նաև նրանով, որ սիրում է ոճային հագնվել,-ասում է թոռնուհին,- Առավոտյան երբ հագնվում է, կանգնում է հայելու առաջ ու մեզ կանչում, որ ասենք ամեն ինչ կարգին է իր հագուկապում: Դրա հետ մեկտեղ նաև շատ մաքրասեր է, առանց սափրվելու տանից դուրս չի գա: Մի անգամ սովորականի նման պապը դուրս չեկավ առավոտյան տանից։ Հարցրեցի՝ հիվանդ է, ասաց, որ տրամադրություն չունի սափրվելու ու դրա համար ոչ մի տեղ էլ չի գնա։

Երբ նոր էինք եկել Երևան պապը ոչ մեկին չէր ճանաչում, բայց կարճ ժամանակում շատ ընկերներ ձեռք բերեց, ու հիմա հենց հիվանդանում է կամ բակ դուրս չի գալիս, բոլորը մի մարդու նման գալիս են նրան տեսնելու,-ասում է ու շեշտում, որ բոլորը սիրում ու հարգում են պապին, որովհետև ծով բարություն ունի սրտում:

Դրա մասին ինքը՝ պապն էլ գիտի ու մի քիչ համեստությամբ ասում է.

Գառնիկ Գևորգյան

-Ես միշտ էլ փորձել եմ բարի էղնիմ, օգնել եմ կարիք ունեցողներին, ու էդի է պատճառը երևի, որ սաղ էլ ընձի կսիրեն ու կհարգեն։

Գյուղական ծանր ու դժվար աշխատանքները չեն խանգարել պապին, որ ողջ կյանքում իրեն նվիրի գրականությանը: Նա սիրում է կարդալ, բայց կարդալը քիչ է ասված, թոռներն են պատմում, որ անգամ աչքերը արյունով լցվելուց հետո էլ նա գիրքը ձեռքից վայր չի դնում, շարունակում է կարդալ, բայց նաև չի ուզում հասնել ավարտին, որովհետև ամեն անգամ, ամեն գրքի հետ կարծես կանխազգում է, որ վերջում վատ բան է լինելու։

-Դեռ փոքր ժամանակից սեր եմ ունեցել կարդալու հետ,- ասում է պապն ու հպարտությամբ ավելացնում որ դպրոցում շատ լավ է սովորել, հետո խոր թախիծով փաստում, որ գումարն ու սոցիալական պայմաններն են իրեն խանգարել ուսումը բուհում շարունակելու համար։- Իմ դասընկերները, ընկերները հմի կամ դասախոս են կամ ինչ-որ պաշտոն ունին, բայց հավատա, ձագ ջան, նրանք ընձնից լավ չեն սորվե։ Կյանքը ստիպեց, որ փոքրուց աշխատեմ,-ասում է ու լռում։

Հիմա պապը Հարություն Մկրտչյանի «Զղջումն» է կարդում, բայց կյանքում այնքան լավատես է, որ եթե հարցնեք՝ ինչի համար է զղջում, կասի, որ ոչնչի համար էլ չի զղջում, կյանքն ապրել է բոլորի պես՝ ունեցել է լավ ու վատ օրեր, բայց կարևորը՝ հիշողության մեջ դաջվել են երջանիկ պահերը:

-Պապ կա՞ որևէ հեղինակ կամ ստեղծագործություն, որ արմատավորվել է քո մեջ, կամ որ մնացածից շատ ավելի ես սիրում:

-Վատ գիրք չկա, ձագ ջան, պետք չէ առանձնացնել, եթե գիրքը գրվել է, լույս է տեսե, ուրեմն արժանի է, օր կարդան, ինչ-օր իմաստ հաստատ ունի, վատ գիրք չկա, կա վատ ընթերցող՝ նայած թե ով ինչխ կընկալե գիրքը։

Գառնիկ պապն այսօր ապրում է իր գրքերի աշխարհում, բայց դրանից դուրս իրական կյանքում երջանիկ է իր երեխաներով, թոռներով ու ծոռներով, որոնք սիրով են լցնում ամեն մի ակնթարթը:

-Պապ ո՞ր թոռանդ ես ամենից շատ սիրում,-հարցնում եմ ու խորամանկ ժպտում:

Պապը իր բարի ու ներողամիտ հայացքով նայում է ինձ ու ասում.

-Բոլորին էլ հավասար կսիրեմ, ո՞ր մատս կտրեն, օր արուն չգա: Ես լավ թոռներ ունիմ: Իրանք իմ առաջ ունեցած պարտքերը կկատարեն ըստ պատշաճի:

Թոռ ու ծոռով, հարս ու որդով պապն այսօր ապրում է ու չի դժգոհում ոչնչից:

-Պապ դու ապրել ես Սովետական Հայաստանում, այսօր ապրում ես 3-րդ Հանրապետությունում, ո՞րն էր քեզ համար ավելի լավը:

-Սովետական իշխանությունների քաղաքականությունն ինձ դուր կուգար, բայց հմի էլ չեմ բողոքի։ Լավ է, օր կրնանք աշխատանք գտնել ու ապրել:

Ինչ կարգեր էլ լինեն Գառնիկ պապը լավ գիտի, որ կյանքում կարևորը մարդիկ են, մարդկային հարաբերություններն ու միմյանց ձեռք մեկնելու, օգնելու կարողությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: