Հայերեն   English   Русский  

Մարդու անձը երկատվել է. ի՞նչն է մարդկանց կախվածության մեջ պահում սոցցանցերից


  
դիտումներ: 669

Գիտությունը նախորդ դարից սկսած զարգանում է անհավանական տեմպերով: Այս զարգացման ծնունդ էր նաև ինտերնետը:

Վերջինիս զարգացմանը զուգընթաց սկսեցին ի հայտ գալ և զարգանալ սոցիալական կայքերը, որոնք հնարավորություն տվեցին օգտատերերին միմյանց հետ հաղորդակցվել նաև առցանց տիրույթում՝ կրճատելով տարածաժամանակային հեռավորությունը: Ինտերնետի և հատկապես սոցիալական ցանցերի առաջացումը աշխարհը բաժանեց երկու հատվածի՝ առցանց և իրական:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ոչ միայն մարդիկ են սկսել ապրել վիրտուալ և իրական աշխարհներում, այլև մարդու անձն է երկատվել՝ ենթարկվելով տարատեսակ փոխակերպումների:

Այսօր բազմաթիվ տեղական և միջազգային տարածում ունեցող սոցիալական կայքեր կան: Դրանց թվում է 2004 թվականին Մարկ Ցուկերբերգի կողմից ստեղծված Ֆեյսբուք սոցիալական կայքը, որը թերևս առաջիններից էր, որ կարճ ժամանակահատվածում լայն տարածում ստացավ և այսօր օգտատերերի թվով հաճախ առաջ է անցնում մնացած սոցցանցերից (Թվիթեր, Ինստագրամ, Օդնոկլասնիկի և այլն):

Ֆեյսբուքը ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում: Հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թվականի հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000 մարդ։

Օգտատերերից շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց Ֆեյսբուքում ամենօրյա գրառումների ու մեկնաբանությունների: Բայց պետք է նկատել, որ իրական կյանքում և համացանցում մարդիկ լրիվ տարբեր են: Համացանցում նրանք ավելի ինքնավստահ են, քանի որ հնարավորություն ունեն թաքցնել միմիկաներն ու ժեստերը, ձայնի տոնայնությունը, լարվածությունն ու ընկճվածությունը, կարող են ներկայանալ այնպիսին, ինչպիսին ցանկանում են ներկայանալ, ոչ թե այնպիսին, ինչպիսին կան իրականում:

Գուցե իրական և վիրտուալ աշխարհների այս տարբերությունն է պատճառը, որ հաճախ սոցցանցային գրառումներն ու մեկնաբանությունները պարունակում են զրպարտություն, հայհոյանք և այլ վիրավորական արտահայտություններ: Երբեմն նման մեկնաբանությունները վերածվում են վեճի՝ տարբեր տեսակետներ ունեցող օգտատերերի միջև, ինչը բերում է անհանդուրժողական և ագրեսիվ մթնոլոտի ստեղծման հենց սոցիալական ցանցերում:

Ըստ ամերիկացի գիտնականներ Քեյթ Համփթոնի, Լի Ռաինի և Քրիստին Փուրսելի հետազոտության սթրեսն է պատճառը, որ սոցցանցերում ավելացել են բացասական բովանդակությամբ գրառումները, քանի որ մարդիկ արդեն չեն կիսվում միմյանց հետ և, ամեն ինչ ներսում կուտակելով, սկսում են սթրեսի ենթարկվել շատ ավելի հաճախ, քան նախկինում:

Ի վերջո կարելի է եզրակացնել, որ վիրտուալ աշխարհի և հատկապես սոցցանցերի ազդեցությունը գնալով մեծանում է հանրության կյանքում: Այս փաստը կարելի է բացատրել Դոֆամին կոչվող հորմոնով, որն առաջացնում է կախվածություն սոցցանցերից: Այն կարելի է համեմատել մարդկանց կախվածությանը ծխախոտից, քաղցրավենիքից կամ տարբեր խաղերից: Դոֆամին հորմոնը մարդկանց անընդհատ սպասման մեջ է պահում. ո՞վ կհավանի գրառումը կամ լուսանկարը, ո՞վ մեկնաբանություն կթողնի, ո՞վ և ի՞նչ բովանդակության հաղորդագրություն կուղարկի և այլն:

Հնարավոր է հեռու չէ այն օրը, երբ մարդիկ ամբողջությամբ կհեռանան իրական կյանքից...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: