Հայերեն   English   Русский  

Փաստաբանը դիմել է դատարան՝ վիճարկելու դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության իրավաչափությունը


  
դիտումներ: 170

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է դատարան՝ վիճարկելու Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և առգրավման որոշումների իրավաչափությունը։

Փաստաբանի բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին Գլխավոր դատախազությունը մերժել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։

Հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: