Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Հայտարարության տակ ընդամենը 10 պատգամավոր է ստորագրել


  
դիտումներ: 522

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։

«Նկատենք, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձեւով սղղացվել է «պաշտպանության տակ է նաեւ… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը մեզ մոտ տարընթերցումների առիթ է տվել։ Կարո՞ղ ենք դրա տակ հասկանալ, որ մարդը ծնվել է կին, սակայն իրեն զգում է տղամարդ ու պնդում է իր այդ գենետիկան»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

ԲՀԿ ֆրակցիայից մեզ ասացին, որ իրենք երբեւէ որեւէ դեպքում չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ «Պատեհ պահին կպատրաստենք ատելության խոսքը բացառող մեկ այլ հայտարարություն եւ կարծում ենք` «Իմ քայլը» կստորագրի այդ հայտարարությունը»,- ասացին ԲՀԿ-ից ու ավելացրին․ «Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք, իրենք ընդամենը այլ հայացքներ ունեն, որովհետեւ գենետիկական հատկանիշն է այդպիսին»:

Հիշենք, որ ԼՀԿ-ից մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը նույնպես չի ստորագրել հայտարարությունը։ Ինչո՞ւ․ հարցրինք նրան։ «Չեմ ստորագրել, որովհետեւ մանրամասն չեմ ծանոթացել այդ նախագծին, որը հիշատակվում է հայտարարության մեջ։ Այս պահին մեկնում եմ Հոլանդիա՝ գործուղման, կվերադառնամ, կանդրադառնամ այդ խնդրին»: Իսկ «Լուսավորի» դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ատելության խոսքին, սակայն դիրքորոշում կհայտնենք նախագծին ծանոթանալուց հետո միայն»:

Ի դեպ, հայտարարությունը չի ստորագրել նաեւ հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի իմքայլական ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: «Կմիանա՞ն արդյոք ձեր խմբակցության բոլոր պատգամավորները» հարցին Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Եթե տեքստը գրել ենք, ուրեմն համահունչ է, չէ՞, մեր խմբակցության ընդհանուր որդեգրած մոտեցումներին․․․ Երբ հասկանամ, որ մյուս խմբակցությունները չեն միանում, այլ անհատ պատգամավորներ են միանում, նոր մեր խմբակցության առջեւ հարց կդրվի, որ անհատները ստորագրեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: