Հայերեն   English   Русский  

«Մենք կշարունակենք Սիրիայում մեր առաքելության իրականացումը». Փաշինյան


  
դիտումներ: 59

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Թուրքիայի ներխուժմանը Սիրիա:

«Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը:

Իմաստ ունի, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք և մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,-ասաց վարչապետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: